Ադրբեջանը շարունակում է իր բռնի գործողությունները հայերի դեմ․ Մարիամ Խալոյան
Ամերիկայի հայկական համագումարը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Ս.թ. փետրվարի 19-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին ուղղված, 100 Կոնգրեսականների կողմից ստորագրված երկկուսակցական մի նամակ, որում ընդգծվում են քաղաքականության կարևոր հիմնախնդիրներ, ներառյալ՝ «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախ) շարունակական մարդասիրական ճգնաժամին» լուծում տալու հրատապ կարևորությունը:
Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերի ու Հայկական հարցերով հանձնախմբի կողմից առաջնորդված նամակում ընդգծվում է, որ «մեր դիվանագետները պետք է պնդեն, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ցանկացած ապագա կարգավորում Արցախի ժողովրդին հնարավորություն կընձեռի վերակառուցել իրենց համայնքները և վերսկսել իրենց կյանքերն առանց հետագա արյունահեղությունից վախի: Սա պետք է ներառի ԱՄՆ-ի էական պարտավորություններ` տրամադրել խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության և աջակցության փաթեթ Արցախի բնակչության համար»:
Նշելով, որ «ներկայիս հրադադարի դրույթները հիմնավոր չեն տարածաշրջանում Արցախի երկարաժամկետ անվտանգության և կայունության համար», նամակում մասամբ ասվում է, որ «ավելին պետք է արվի՝ հիմնարար ինքնորոշման իրավունքի վրա հիմնված երկարատև կարգավորման հասնելու համար» և որ միջազգային հանրությունը և Միացյալ Նահանգները «կարևոր դեր ունեն խաղալու՝ վերջնականապես ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը՝ որպես այս հակամարտության լուծման գործում օրինական բանակցային կողմ»:
Նամակում նաև մտահոգություն էր արտահայտվում, որ «Ադրբեջանը նաև հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիների և բռնի կերպով բերման ենթարկված խաղաղ բնակիչների»` խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև «ապակայունացնող դերակատարներին պատասխանատվության» ենթարկելու անհրաժեշտությունը:
Բացի այդ, նամակում նշված էր, որ «(Թուրքիայի և Ադրբեջանի) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները և օգնություն տրամադրելուց հրաժարվելը, ներառյալ Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի փոփոխության դադարեցումը և հետագա ռազմական աջակցության կասեցումը 333 Բանաձևի «Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի» շրջանակներում, կարող էր օգնել կասեցնել անցյալ տարվա մահացու գործողությունները:
Նամակի եզրափակիչ դրույթում ասվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է ձգտի ամրապնդել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ», և որ նախագահ Բայդենը պետք է գնա թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի հետքերով և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը այս ապրիլի 24-ին:
«Մենք ողջունում ենք Կոնգրեսական Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը այս ճիշտ ժամանակին կազմված ու կարևոր նամակի համար, որում արտահայտվում են առանցքային առաջնահերթություններ և հայ ժողովրդին օգնելու համար ԱՄՆ աջակցության կարևորությունը»,– ասաց Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք նաև շարունակում ենք խորապես մտահոգված լինել այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է իր բռնի գործողությունները հայերի դեմ, և որ ռազմագերիներն ու խաղաղ բնակիչները դեռ պահվում են գերության մեջ»,– հավելեց Խալոյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան