ՀՔԾ-ում ուսումնասիրում են դատարանի նախագահի՝ դատավորին զանգելու մասին գրառումը
Հատուկ քննչակական ծառայությունում ուսումնասիրում են «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանի գրառումները։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում Վ. Վարագյանի ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վարագյանը գրել էր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն ուշ երեկոյան եղել է Տրիումֆ սրճարանում։ Վարագյանն անձամբ է լսել, որ Մկրտչյանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ է վիճաբանում։
«Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»։
Ավելի ուշ Վարագյանը նաև գրեց.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ իմ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո տարբեր իրավապաշտպաններ, լրագրողներ ինձ հարցեր են ուղղում երեկվա դեպքի հետ կապված։
Ամենայն պատասխանատվությամբ և հստակ գիտակցելով, թե ինչ ծանր հանցագործության մասին է խոսքը, պնդում եմ, որ երեք ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող Տրիումֆ կաֆեում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը բորբոքված հեռախոսի մեջ գոռում էր՝ «Ինչ կապ ունի, որ որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Արթուր Մկրչտյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու և իրար խառնված եղանակով հեռախոսով խոսալը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները, այլև Տրիումֆ կաֆեում տեղադրված տեսախցիկները։
Ավելին, բավարար է ստուգել, թե երեկ ժամը 22:00-ից հետո երեք անչափահաս երեխաներ ունեցող որ անձն կալանավորվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և պարզ կդառնա, թե որ անձն է ապօրինի բանտարկվել Արթուր Մկրտչյանի ուղղակի հանձնարարությամբ։
Այս փաստերի շուրջ ես պատրաստ եմ հարցաքննվեմ ցանկացած քննչական մարմնում։ Միաժամանակ, խնդրում եմ իմ այս ֆեյսբուքյան գրառումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում»։