Հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե կողքիդ կա ողբերգություն. Ռուբեն Բաբայան
«Փետրվարի 25-26-ին մենք հանդիսատեսի դատին կներկայացնենք նոր բեմադրություն՝ Չեխովի «Երեք քույրերը», որի բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է»,- մամուլի ասուլիսում հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ ուրախություն հայտնելով, որ մշակույթի օջախները վերսկսում են իրենց աշխատանքները:
Բաբայանը տեղեկացրեց, որ նոր ներկայացումը դրամատիկ բովանդակություն ունի և խաղալու են ոչ հայտնի ֆորմատով, այլ՝ հետնաբեմում, իսկ դերասանական կազմը բաղկացած է թատրոնի և հրավիրված երիտասարդ դերասաններից:
Բանախոսը հայտնեց, որ մեկնարկող թատերաշրջանում կունենան նաև այլ ներկայացումներ՝ «Կարմիր գլխարկի» ժամանակակից տարբերակը, ինտերակտիվ մոնոներկայացում կոկորդիլոսի մասին, ինպես նաև Հարրի Փոթերի թեմայով նոր բեմադրություն:
Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն էլ նկատեց, որ իր բեմադրած ներկայացումը Չեխովի «Երեք քույրերի» այսօրվա ընթերցումն է, որի հիմնական ասելիքն այն է, որ պետք չէ շատ խոսել ապրելու մասին, այլ ուղղակի պետք է ապրել:
Նրա խոսքով՝ Չոխովի դրամատուգիայի ողջ ասելիքն այն է, որ այսօրով պետք է ապրել, այլ ոչ թե վաղվանով կամ նախորդ օրով, իսկ համաճարակի և պատերազմի ֆոնին թատրոնն ամենաշատն է մարդում կապում կյանքին:
Սամսոն Մովսեսյանը նկատեց, որ բոլորը կարոտել են և ցանկանում են առնչվել մշակույթի, թատրոնի, արվեստի յուրաքանչյուր ճյուղի հետ:
«Թատրոնը ժամանակի արվեստ է, ստղծվում է այդ պահին և նրա համար, իսկ ժամանակի զարկերակը լավագույնս զգում են երիտասարդները, այդ պատճառով էլ ավելի շատ տեղ ենք հատկացնում երիտասարդությանը»,-նկատեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ բացատրելով, թե ինչու են ներկայացման մեջ հիմնականում ընդգրկել երիտասարդ դերասանական կազմը:
Նրա խոսքով, ինչպես այս, այնպես էլ մյուս ներկայացումներում կխաղան նաև ավագ սերնդի դերասանները, քանի որ թատրոնը մի ընտանիք է և ավագ սերունդը միշտ երիտասարդներին փոխանցելու բան ունի:
Իսկ հասարակության ձգտումը դեպի թատրոն Ռուբեն Բաբայանը բացատրեց շրջապատում առկա բացասականը բալանսավորելու ձգտումով և հիշատակեց Դոստոևսկու խոսքը, որ կյանքը պետք է սիրել ավելի շատ, քան կյանքի իմաստը:
Նա նկատեց, որ հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե կողքիդ կա ողբերգություն և այնպես պետք է անել, որ այդ ողբերգությունը պակասի:
«Սեր ու հավատ ներշնչել կյանքի վերաբերյալ, քանի որ մենք գալիս ենք դարերից և գնալու ենք դարեր»,-եզրափակեց Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները