Նոր «բարեփոխումներ». Դպրոցները ծանուցվել են ֆինանսավորման կրճատման մասին
Կրթության ոլորտում իշխանությունները շարունակում են «բարեփոխումները». հիմա էլ դպրոցներին նոր ծանուցագրեր են փոխանցվում, որոնց համաձայն՝ դպրոցների ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ, նախնական տվյալներով՝ 10-15%-ով կրճատվում է։
«Մենք ծանուցում ենք ստացել ոչ թե այն մասին, որ կրճատվում է ֆինանսավորումը, այլ այն մասին, որ ֆինանսավորման պայմանագրի նոր նախագիծ կա, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ կրճատումներ կան։ Բայց թե դրանք ինչով են պայմանավորված, և որքանով հնարավոր կլինի բյուջեն պլանավորել, մենք պետք է հստակեցնենք։ Առաջիկայում հանդիպումներ են լինելու քաղաքապետարանի ֆինանսական վարչության հետ։ Կարծում եմ՝ այդ հանդիպումներից հետո արդեն հստակ կհասկանանք՝ ինչ է լինելու։ Այս պահին դեռևս շատ անհասկանալի պահեր կան։ Առաջիկա օրերի քննարկումներից հետո հնարավոր կլինի հասկանալ՝ ինչ չափի կրճատումների մասին է խոսքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Պուշկինի անվան համար 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը։
Երևանի մեկ այլ՝ թիվ 145 դպրոցի տնօրեն Գայանե Աղասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ֆինանսավորման վերաբերյալ ծանուցում ստացել են և տեղյակ են՝ ինչպես է այն իրականացվելու։
«Կոնկրետ մեր դպրոցի ֆինանսավորման կրճատումը խնդիրներ չի առաջացնում, քանի որ մենք ունենք խնայողություններ, և կա հրահանգ, որ կարող ենք դպրոցի ազատ մնացորդից տնօրինել, եթե աշխատավարձերի հետ կապված խնդիրներ առաջանան։ Այս փուլում որևէ ճնշման չի ենթարկվում մեր դպրոցը։ Խնդիրներ կառաջանեն, եթե դպրոցն իր գումարների մնացորդը սպառի. այդ դեպքում հաստիքների հետ կապված խնդիրներ ևս կարող են առաջանալ։ Բայց այս տարի նման խնդրի չենք բախվի»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Աղասարյանը։
Երևանի շատ դպրոցներ էլ ծանուցումներ ստացել են, բայց դեռ հաշվարկներ չեն իրականացրել, և հստակ չգիտեն՝ ինչպես է իրականացվելու կոնկրետ իրեց ֆինանսավորումը։
Թե՞ ինչ հիմքով է դպրոցների ֆինանսավորումը կրճատվում, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չպատասխանեց՝ նշելով, որ դպրոցների ֆինանսավորման հարցերը և բյուջեն կազմում է Կառավարությունը, դա քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։
ԿԳՄՍ նախարարությունից էլ Panorama.am-ի հետ զրույցում ասացին, որ բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են ՀՀ կառավարության 2020 թ․դեկտեմբերի 30-ի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին 2215-Ն որոշմամբ հաստատված չափաքանակով, ամբողջ ծավալով։
«Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ սուբսիդիայի տրամադրման պայմանագրերն ու հաստատել նախահաշիվները։ Նախարարությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում»,- նշեցին ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հասկանալու համար, թե ի՞նչ այդ դեպքում ի՞նչ ծանուցագրեր են ստացել դպրոցները, Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարությանը։
Մեր հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեից հանրակրթական դպրոցներին հատկացվող բյուջեն որքանո՞վ է կրճատվել նախորդ տարվա համեմատ. խնդրում ենք ներկյացնել թվային տվյալներ, ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են . «2020 և 2021 թվականներին հանրակրթական դպրոցների հատկացումները կատարվել են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1919-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2215-Ն որոշումներով հաստատված չափաքանակներին համաձայն:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցներին հատկացված միջոցների վերաբերյալ որևէ ծանուցում չի ուղարկել:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ հանրակրթական դպրոցներն իրենց կարգավիճակով պետական ոչ առևտրային կազմակերպություններ են, ունեն իրավաբանական անձի կարգավիճակ (հիմք` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս) և իրենց միջոցների շրջանակում ինքնուրույն են որոշում իրենց ծախսերի ուղղությունները, այդ թվում` աշխատավարձերի և հավելավճարների չափերը»։
Ըստ երևույթին, ծանուցագիր ուղարկողը՝ Երևանի քաղաքապետարանը սլաքներն ուղղում է դեպի Կառավարություն, իսկ ԿԳՄՍ նախարարությունը խուսափում է հարցի ուղիղ պատասխանից։ Մնում է սպասել դպրոցների տնօրենների և քաղաքապետարանի ֆինանսական վարչության աշխատակիցների հանդիպմանը, որպեսզի տնօրենները կարողանան հստակ հասկանալ և ներկայացնել՝ ինչ է սպասվում իրենց։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը պետք է երեխայի համար ստեղծի բարձր արժեքներ ապահովվող կրթության պայմաններ. ՄԻՊ
- Փորձ է արվում բյուջետային ճեղքը փակել կրթական հասատությունների հարկային բեռն ավելացնելով. Կոստանյան
- Կրթական համակարգի կազմաքանդման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում․ Հովհաննես Հովհաննիսյան