Այս իշխանությունների օրոք չի կարելի խոսել սոցիալական արդարության մասին. Բոստանջյան
«Սոցիալական արդարությունն, ըստ էության, հասարակական գաղափար է, որը քաղաքացիների խաղաղ ու բարեկեցիկ գոյակցության սկզբունք է համարվում»,- այսօր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած «Սոցիալական արդարության խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով, սոցիալական արդարության մասին խոսելիս առաջի հերթին պետք է նկատի ունենալ օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը։ Բացի այդ, ըստ նրա, մարդու նորմալ կենսագործունեության համար պետք է համապատասխան երաշխիքներ լինեն, աշխատունակների՝ գործով ապահովում պետք է լինի։
«Կարևոր է նաև, որ սոցիալական բևեռածվածություն չլինի, բայց, օրինակ՝ Հայաստանում միջինում 40 հազար դրամ թոշակ ստացողի ու 1.5 մլն դրամ պարգևավճար ստացողի մեջ տեսեք՝ ինչ մեծ տարբերություն կա։ Այո՛, պաշտոնատարը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց ինչքա՞ն բարձր։ Դու պետք է նայես քո երկրի հնարավորութուններին»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է օրենքի առաջ բոլորի հավասար լինելուն, ապա Վարդան Բոստանջյանն ասաց, որ Հայաստանում այս իշխանությունների օրոք դրա մասին խոսել պետք չէ։
«Դա բացառված է, քանի որ ոչ թե իրենք անշնորհք են, այլ այն պատճառով, որ իրենք կառավարման ուժ չունեն։ Այս գրեթե երեք տարիներին մենք տեսանք, որ սահմանադրությունը բացառվել է, օրենք գոյություն չունի։ Եվ եթե մի բան հղում են տալիս օրենքին, ապա դա էլ անում են իրենց շահերը պաշտպանելու համար։ Իսկ ամբողջ երեք մլն քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանք չկա»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ տնտեսագետի, մարդու նորմալ կենսագործունեության համար պետք են երաշխիքներ, բայց այժմ այդ երաշխիքների ստեղծումը բացառված է։
«Ոչ թե այդ երաշխիքները չկան, այլ ավելին՝ այսօր մեր երկիրը չկա, մեր միջնաբերդը չկա։ Անհատները գալիս ու ասում են՝ սա մերն է, և չկա պետություն, որ մի բառ ասի, ամեն ինչ թողնվել է հասարակ գյուղացու վրա, որն, ըստ էության, իր տան մեջ ապրում է վախվորած, քանի որ իր անվտանգության երաշխիքները չկան։ Խոշոր առումով, «պողոսների» համար, որոնց ՕԳԳ-ն զրո է, որոնք իրենց տանն էլ են վախենում շարժվել, որոնք ինչ-որ խելագարի են ընտրում, որ իրենց փոխարեն մի քայլ անի, այդքան էլ կարևոր չէ սոցիալական արդարությունն ու պաշտպանվածությունը։ Նրանց համար ամենակարևորը ուրիշի նկատմամբ չար գործ անելն է»,- նշեց նա։
Վարդան Բոստանջյանի կարծիքով, հայ մարդու համար չափազանց ամոթ վիճակ է, երբ վաստակաշատ մարդն այսօր պարտադրված տաքսի է վարում, որ ինչ-որ եկամուտ ունենա։
«Մենք աղքատ երկիր ենք, հասկանում եմ, որ ի զորու չենք բոլորին մեծ վարձատրություն տալ, բայց պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ իր վարձատրության մակարդակով էլ մարդը կարողանա իր կենսական պահանջմունքները բավարարել։ Իսկ հիմա, օրինակ՝ դպրոցի տնօրեններին էլ են ողորմելի ճանապարհներով նշանակում, ու եթե 80 հազար դրամ ստացող ուսուցիչն էլ որոշի այդ պատճառով գործադուլ անել, նրան ասում են՝ տես, աշխատավարձ չենք տա»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին