«Եկավ Արտավազդ Փելեշյանը... Եկավ և աստված տա, որ չգնա»
«Իմ կուռքը կինոյում հայ վավերագրող Արտավազդ Փելեշյան-հանճարն է: Եթե ես կայծեր եմ արձակում, ապա նա՝ գնդակերպ շանթեր»,- ասել է կինոռեժիսոր Ռեջիո Գոդֆրին:
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան, վավերագրական կինոյի ականավոր ու համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թ.-ի փետրվարի 22-ին Գյումրիում։ Մինչև 1963 թվականը Փելեշյանն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թթ.-ին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Կրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։
Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ: 1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:
«Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե նուրբ քնարականությունը, թե էպիկական հզոր շունչը: «Տարվա եղանակները» կինոպոեմը Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և միևնույն ժամանակ հարմոնիան։
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:
Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Նա «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:
Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել «Մեծ» (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների: Յիհլավայի (Չեխիա) վավերագրական ֆիլմերի միջազգային 19-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։
«Եկավ Արտավազդ Փելեշյանը` իր մոնումենտալ, հուզական, հրապարակախոս արվեստով: Եկավ և աստված տա, որ չգնա» (Ֆրունզե Դովլաթյան, 1970, kinoashkharh.am):
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, կինոյի հանճար Արտավազդ Փելեշյանին՝ ներկայացնելով փոքրիկ տեսահոլով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան