Ստեփանակերտ է վերադարձել 52,700 հայրենազրկված արցախցի
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ-ի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52,700 հայրենազրկված արցախցի է վերադարձել հայրենիք:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի խմբերը շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել Արցախի տարածքը: Նախորդ օրվա ընթացքում մաքրվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 15 բնակելի շենք, 43 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և տեղափոխվել ոչնչացման համար:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1,474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 454 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ ավտոմեքենաների վեց ավտոշարասյան անվտանգ անցումն Արցախի հյուսիսում և հարավում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ․ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
- 52 310 հայրենազրկված արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ
- ՌԴ խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և չեզոքացրել են 24 հազար պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ