Փաստաբան. Վստահ էի, որ օբյեկտիվ դատարանը չի կարող Բեքարյանի առնչությունը հաստատված համարել
Երևանի ընդհաուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ոչ իրավաչափ է ճանաչել «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, արտաքին քաղաքականության հարցերով փարձագետ Կարեն Բեքարյանի ձերբակալությունը, ինչպես նաև մերժել է ԱԱԾ քննիչի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։
Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ կալանքի միջնորդության մեջ որպես հիմնավորում ԱԱԾ քննիչը նշել էր քննությունից թաքնվելը, քննությանը խոչընդոտելը, նոր հանցանք կատարելը։
«Անկեղծ ասած, որոշմանը դեռ չեմ ծանոթացել, բայց կարող եմ ասել, որ դատարանը մերժել է միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հետևաբար կարծում եմ, անդրադարձած չի լինի կալանավորման հիմքերին»,- ասաց Միքայելյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ դատարանում շատ ծավալուն չի անդրադարձել քննիչի ներկայացրած հիմքերին, քանի որ վստահ էր, որ օբյեկտիվ դատարանը չի կարող Բեքարյանի առնչությունը հաստատված համարել։
«Իսկ առնչության հիմքում ընդամենը դրված է IP հասցեի համընկնում, ինչը կարող է լինել բոլոր անձանց հետ, ովքեր օգտվում են VPN համակարգից»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, քննիչը փորձել է ցույց տալ, որ գործում է հանցավոր խումբ, որի անդամների մի մասը կլանավորված են, մյուսները ոչ, և կալանավորվածների ցուցումներով կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանը հրապարակումներ է անում, սակայն դատարանն էլ փաստեց, որ Բեքարյանը որևէ առնչություն չունի դրա հետ։
Գոռ Միքայելյանը նշեց, քանի որ Գագիկ Սողոմոնյանը վերջին օրերին գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրենի մասին, իսկ ԱԱԾ-ում կարծում են, որ Կարեն Բեքարյանը կապ ունի այդ ֆեյք օգտատիրոջ հետ, ապա Արմեն Աբազյանն անձնապես շահագրգռված է լինելու, որպեսզի պատժի պարոն Բեքարյանին։
«Իհարկե գտնում եմ, որ ԱԱԾ-ն չի կարող այս գործը քննել օբյեկտիվերոն, հավանաբար ես կմիանամ իմ գործընկերների բացարկի միջնորդությանը»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ նույն գործով երեկ դատավորը որոշել է բավարարել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը, փաստաբանը պատախանեց՝ միգուցե դատավորների տարբերությունն է պատճառը։
«Որքան ես հասկացա մեզ տրամադրված գործի նյութերից, որևէ ավելի բան հնարավոր չէ ունենալ պարոն Սաղաթելյանի հետ կապված, պատճառը երևի դատավորների տարբերությունն է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան