Ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանի գործընթացներում. ԱԳՆ
ԱԺ-ում մեկնարկել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ քննարկվելու են պատերազմական իրավիճակից հետո եվրասիական ինտեգրման հետ կապված մարտահրավերները։ Նա տեղեկացրեց, որ քննարկման մի մասը լինելու է փակ։
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների և ազդեցությունների վերադասավորում։ Նա նկատեց, որ այդ գործընթացը դեռևս ավարտված չէ, և վաղ է ամբողջական գնահատական տալ եղած իրողություններին և մարտահրավերներին։
«Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել ՌԴ-ը։ Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանի գործընթացներում։ Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը»,- նշեց նախարարը։
Արա Այվազյանը նկատեց՝ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը։
«Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը։ Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն Ադրբեջանի կողմից դեռևս նկատելի չեն։ Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության՝ հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրեադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ»,- ներկայացրեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և Հայաստանը շարունակելու է սատարել այդ ձևաչափը։
«Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն, առաջին հերթին, կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջ մղումը։ Եվրասիական տարածաշրջանի վրա, վստահաբար, կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է իրավիճակը Արցախում
- Լավրովի հետ հանդիպմանն Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին