Հայաստանի բոլոր իշխանություններն երբևէ չեն հասկացել գիտության դերն ու նշանակությունը մեր երկրի համար. Արեգ Միքայելյան
«Տնտեսության զարգացաման համար հիմնական գործոնը գիտությունն է։ Այլ բան չի կարող լինել»,- ասուլիսում ասաց ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նրա նշեց, որ տնտեսությունը, առավել ևս 20-րդ դարում, երբ թռիչքաձև զարգացում ունեցավ, գիտական նվաճումների հետևանք է։
«Ով ունի զարգացած գիտություն, ունենում է նաև տնտեսական զարգացում»,- ընդգծեց գիտնականը։
Ա. Միքայելյանի խոսքով, Հայաստանն ունի գիտական հսկայական պոտենցիալ, սակայն, ցավալի է, որ 1991 թվականից սկսած բոլոր իշխանությունները չեն հասկանում դա, երբևէ չեն հասկացել գիտության դերն ու նշանակությունը Հայաստանի համար։
Նա նշեց, որ աստղագիտությունն աշխարհում գնալով ավելի ու ավելի զարգացում է ապրում, կարևորությունը մեծանում է, տիեզերքում տեղի ունեցող հետազոտությունները մեծ նշանակություն են ունենում։
«Համարում եմ, որ Հայաստանն այն երկիրն է, գոնե փոքր երկրների շարքում, կարող է առաջատար լինել աստղագիտության ոլորտում։
Մենք շատ դանդաղ ենք աճում։ Կան երկրներ, որոնք զգալիորեն հետ են եղել մեզանից, եկել ու անցել են»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։
Պաշտոնական տվյալներով, 82 պետության ասղտագիտություն ունի։ Նա ասաց, որ Հայաստանը համաշխարհային աստղագիտության մեջ տարբեր ցուցանիշներով հիմնականում առաջին տասնյակում է։
Ա. Միքայելյանն ընդգծեց, որ Հայաստանը ՀՆԱ-ի 0,2 տոկոսն է հատկացնում գիտությանը, մինչդեռ Հայաստանն ամենաշատը գիտությամբ կարող է որևէ բան ասել աշխարհին։
«Պետք է գիտության զարգացման համար ավելացնել ֆինանասավորումը»,- ասաց նա։