Վրաստանի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային
Ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան ձերբակալվեց։ Նրա գործով ժամեր առաջ Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենք էին փորձում մտնել հատուկ ջոկատայինները, որոնք հանդիպելով դիմադրության` հատուկ նյութ են բաց թողել ՄԱՇ-ի գրասենյակի այն հատվածի վրա, որտեղ գտնվում են Մելիան ու նրա աջակիցները։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Տևական ժամանակ ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի աջակիցները թույլ չէին տալիս իրավապահներին` մուտք գործել շենք, ինչը մի քանի բախումների պատճառ դարձավ։ Ի վերջո` հատուկ ջոկատայիններին հաջողվել է շենք մտնել հակահրդեհային մուտքով:
Նիկա Մելիային կալանավորելու հարցով այսօր հայտարարություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հորդորելով ՄԱՇ-ի գրասենյակի մոտ հավաքվածներին չխանգարել դատական որոշման իրականացմանը: Նաև, ՆԳՆ-ն կոչ է արել բողոքը շարունակել խաղաղ ձևաչափով, հակառակ դեպքում՝ կարգուկանոնը խախտող ցանկացած անձ օրենքի առջև պատասխան կտա:
Հիշեցնենք, որ Մելիան նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահն է։ Դատարանն օրեր առաջ Մելիային կալանավորելու որոշում էր կայացրել, որին հետևեց Վրաստանի նախկին վարչապետի հրաժարականը։
2020թ.-ի դեկտեմբերին «Միացյալ ազգային շարժումը» գլխավորած Մելիի դեմ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ. հունիսին: Նա մեղադրվում է 2019 թ. հունիսի 20-ին և 21-ին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու մեջ, որոնք ավարտվեցին խորհրդարանի շենք ներխուժելու փորձով: 2019 թ. հունիսին դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակեց և կարգադրեց էլեկտրոնային ապարանջան կրել, բայց 2020թ. նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի ժամանակ, նա ցուցադրաբար հանեց ապարանջանը և նետեց : Դրանից հետո դատախազությունը միջնորդեց դատարանին ավելացնել գրավի չափը, ինչը Մելիան հրաժարվեց անել՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եթե քաղաքական գործիչը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին