ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, որը մասնավորապես, շեշտել է, որ ատելության խոսքի տարածումը հաճախ հանգեցնում է ինքնության հիմքով բռնությունների՝ հանդիսանալով նոր ոճիրների իրագործման վտանգի ցուցիչ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Մհեր Մարգարյանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային կոռուպցիան և ատելության ու բռնության հրահրումը դարձել են բնականոն երևույթներ, որոնց մասին պարբերաբար հիշատակում են անկախ փորձագետները և միջազգային կազմակերպությունները։
Նշվել է, որ իրեն որպես հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել ներկայացնող Ադրբեջանը համակարգված ձևով փորձում է ջնջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի ներկայության յուրաքանչյուր հետք։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «կովկասյան Աղվանքի թեզին»՝ Մհեր Մարգարյանը նշել է, որ այդ պնդումները նպատակ ունեն արդարացնելու հայկական եկեղեցիների ինքնության յուրացումն ու խեղաթյուրումը՝ ինչը հակասում է գիտությանը, պատմությանը, բանականությանը և տարրական մարդկային պարկեշտությանը։
Ավելացվել է, որ ռասիզմի, մոլեռանդության ու ատելության այս և մյուս դրսևորումները պետք է համարժեք արձագանք ստանան միջազգային հանրության կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան