Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է
ԱԱԾ շենքի դիմաց կալանավորված Արա Սաղաթելյանի աջակցության ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջած ծառայության աշխատակիցները խնդրել են՝ մուտքի դիմաց շարված գրքերը փոխանցել ԱԱԾ ընդունարան։
Ակցիայի մասնակիցներից քաղաքագետ Արմեն Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այդ իմաստով ակցիան հաջողվեց։
«Ինքներդ գիտեք, թե ով է Սաղաթելյան Արան։ Այստեղ հավաքվածներն Ադրբեջանի քարոզչության դեմ աշխատած թիմն է, ովքեր նրա գլխավորությամբ, մեծ գործունեություն են իրականացրել։ Անհամեստ չհնչի, բայց կարող եմ ասել, 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ ու հետո Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդու մասին է խոսքը»,- ասաց Արմեն Մինասյանը, ով ադրբեջանական կեղծ քարոզչությունն ու սուտը բացահայտող ֆիլմերի համահեղինակ ու հեղինակ է։
Մինասյանն ընդգծեց, ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Արա Սաղաթելյանը վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել պատերազմում բացասական ազդեցություն ունենալու մեջ։ Նա աբսուրդ է որակում այն, որ պատերազմում տարած պարտության համար մեղադրում են Սաղաթելյանին, կարծես նա էր ղեկավարում պատերազմը։
«Նրան վերագրում են ինչ-որ արարք, որը բացասական ազդեցություն է ունեցել վերջին պատերազմում։ Աբսուրդը հասել է նրան, որ պատերազմի արդյունքները վերլուծելիս, իշխանությունը որոշել է, որ պարտության մեղավորը Սաղաթելյան Արան է։ Կարծես նա էր հրաման տալիս, որ զինվորներին բեռնատարներով տեղափոխեն ու ճակատ չհասցրած բայրաքթարների տակ կոտորեն։ Սա է մեր վիճակը։ Այսօր կալանավորված է մի անձնավորություն, ով իր էությամբ, ամբողջ կենսագրությամբ չէր կարող մեղադրվել այն բանի համար, որի համար մեղադրվում է»,- ասաց նա։
Արմեն Մինասյանը, ով Սաղաթելյանի ղեկավարման օրոք եղել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, նկատեց, այդ տարիներին ստեղծվել է վերլուծական մեծ բազա, հրապարակվել են արժեքավոր գրքեր, ստեղծվել են ֆիլմեր, կայքեր, որոնք բացահայտում էին ադրբեանական քարոզչության սուտն ու կեղծիքը։ ՊՈԱԿ-ի հավաքած, հրապարակած նյութերն օգտագործվել են ԱԳ նախարարության կողմից։
«Դրանք օգտագործել են նաև այս իշխանությունները։ Բայց արդյունքը սա է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ո՞վ է Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը, պատասխան՝ ԱԱԾ-ն
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
- Քաղաքագետ. Պատերազմի օրերին հենց Արա Սաղաթելյանի շնորհիվ ուկրաինական մամուլում հայտնվեցին հայանպաստ հրապարակումներ
- Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին. «Փաստինֆո»
- Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը. Միքայել Մինասյան
- Իրավաբան. Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով
- Արա Սաղաթելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի