
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա
Փետրվարի 23-ին, ժամը 10-57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին (Հարժիս-Շինուհայր հատված) ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի կողմից երկկողմանի փակվել է:
Ժամը ՝ 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա:
Այժմ ճանապարհահատվածը երկկողմանի բաց է»,-ասվում է հաղորդագրությունում: