Արա Այվազյանն ու Տոյվո Կլաարը համակարծիք են. Խաղաղ կարգավորման հարցերը պետք է հասցեագրվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման օրակարգի առանցքում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերն էին: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և արցախահայության սոցիալական կարիքների հասցեագրման համատեքստում զրուցակիցները կարևորել են միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը:
«Հրատապ հումանիտար հարցերի առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչսության ղեկավարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձումը:
Նախարար Այվազյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը համակարծիք էին, որ խաղաղ կարգավորման առանցքային հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակը, պետք է հասցեագրվեն բացառապես բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:
Նախարար Այվազյանը նաև ընդգծեց վերջին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաբովանդակ օրակարգի շուրջ: Երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Նախարար Այվազյանը վերահաստաստեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին