Ադրբեջանի ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման․ Արա Այվազյան
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից:
«Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը:
Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»:
Իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձել է նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել. «Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»:
Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները: «Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան