ԵՊՀ միջանցքներում ու լսարաններում հնչում են «Նիկոլ դավաճան» վանկարկումները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այս պահին ԵՊՀ-ում են, անցնում են լսարանից լսարան և ուսանողներին կոչ անում միանալ իրենց։
Մայր բուհի պատերից ներս հնչում են «Նիկոլ դավաճան» վանկարկումները։
Ակցիայի մասնակիցներին ընդառաջ դուրս եկավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Նա, դիմելով ակիցայի մասնակիցներին, հարցրեց. «Ի՞նչ եք ասում»։
Ի պատասխան, ակցիայի մասնակիցները նշեցին. «Ասում ենք՝ միացեք»։
Սակայն, Գեղամ Գևորգյանը պատասխանեց, թե ինքն իր գործն է անում։
Երիտասարդներից մեկն էլ հակադարձեց՝ վստահություն հայտնելով, որ այս պահին որևէ իմաստ չունի ԵՊՀ ռեկտորի գործը, եթե դա արվում է «դավաճան» իշխանությունների օրոք։
«Ի՞նչ է նշանակում՝ ես իմ գործն եմ անում։ Հիմա մեր բոլորի գործը պետք է լինի պետության պաշտպանությունը»,- նկատեց քաղաքացին։
ԵՊՀ ռեկտորն էլ հարց հնչեցրեք. «Դուք հիմա այստեղ ի՞նչ եք անում»։
Ի պատասխան ակցիայի մասնակիցը նշեց, որ ինքը եկել է իր տարեկիցներին և ուսանողներին ասելու, որ հիմա ՀՀ քաղաքացին մեկ գործ ունի անելու՝ պաշտպանել ՀՀ-ն։
«Բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրան։ Ու ոչ ոք թող չմտածի, թե ակցիա իրականացնողներն ուրիշ գործ չունեն»,- ասաց նա։
ԵՊՀ ռեկտորն էլ արձագանքեց, որ չի կարելի ամբողջ հանրային կարգը տապալել։ «Հիմա դուք հանրային կարգ եք տապալում»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հարց բարձրացրեց. «Հիմա Շուշին հայկակա՞ն է, թե՞՝ ոչ։ Մեզ այս բուհում սովորեցրել են, որ Շուշին հայկական է»։
Ի պատասխան ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ Շուշին հայկական է։
Նշենք, որ մինչ անհնազանդության ակցիայի մասնակիցները շրջում էին բուհի միջանցքներում ու լսարաններում և կոչ են անում ուսանողներին ոտքի կանգնել ու միանալ իրենց, ԵՊՀ բակում ոստիկանական ուժեր էին կենտրոնանում։
Լսարաններում շրջելուց հետո ակցիայի մասնակիցները դուրս եկան ԵՊՀ կենտրանական մասնաշենքից, որտեղից՝ որպես իրենց շարժման ուղղություն ընտրեցին ՀՊՏՀ-ն։
Նրանց ուղեկցում էին ոստիկանները։