Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ չկա պարզ հաշվարկ՝ ինչպես գործընթացից դուրս կգա երկիրը․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին, նշել է, որ ապաշրջափակման վերաբերյալ մոտեցումները և հարցերը հիմա քննարկման ընթացքում են, չկա վերջնական պատկեր։Ըստ պաշտոնյայի, դեռ հստակ չէ, թե որտեղից է սահմանը բացվելու, ինչպիսի տնտեսական հնարավորություններ են գործելու ու ավելանալու։
Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ չկա պարզ հաշվարկ՝ ինչպես գործընթացից դուրս կգա երկիրը։
Վարչապետից սկսած՝ վերջացրած տարբեր տրամաչափի կուսակցական չինովնիկներով, ուրախ տոնայնությամբ խոսում են ու խոսում, բայց պարզվում է, որ գործընթացի մեկնարկից ի վեր, հաշվարկ չկա, թե ինչ հնարավորություներով և օգուտով դուրս կգա Հայաստանը։
Համոզված եմ, որ առ այս պահը լուրջ ուսումնասիրության ենթարկված չէ նաև անվտանգային միջավայրի փոփոխության հարցը, հավանական սպառնալիքները, հակազդեցության, ռիսկերի նվազեցման գործիքակազմը։
Այս ուղղությամբ նույնիսկ նվազագույն խդիրները լուրջ դիտարկման չեն ենթարկվում, ուր մնաց վերլուծվի անվտանգությունը ռեգիոնալ մակարդակում։
«Առանց վարորդ մեքենան» շարունակում է բարձր արագությամբ ընթացքը և դժվար է հստակ կանխատեսել, թե ե՞րբ կլինի հաջորդ «վթարը» և ի՞նչ հետևանքներով»։