ԱՀԿ-ն հարուստ երկրներին նորից հորդորում է պատվաստումների հարցում օգնել աշխարհի խոցելի ժողովուրդներին
Աշխարհի հարուստ երկրները, մինչև քովիդ 19 հիվանդության դեմ հավելյալ պատվաստանյութեր գնելը, պետք է նախ և առաջ ստուգեն, թե արդյոք իրենց կողմից նոր գնումները չեն վնասում նույն նպատակն ունեցող աղքատ երկրների ժողովուրդներին: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է Ամերիկայի Ձայնը։
Հարուստ երկրներն արդեն գնել են մի քանի միլիարդ չափաբաժին: Որոշ երկրներ նույնիսկ պատվիրել են բավարար թվով չափաբաժիններ, իրենց բնակչությանը մեկ անգամից ավելի պատստաստումների ենթարկելու համար, երբ նոր զարգացող մի շարք երկրներ դեռևս չեն ստացել ոչ մի չափաբաժին: Իսկ ինչպես համաճարակաբաններն են ասում, համաշխարհային վարակների, այն է` համավարակների դեպքում հիվանդությունը վերանում է միայն ու միայն ամբողջ աշխարհի բնակչությանը պատվաստման ենթարկելու դեպքում:
Եվրոպական երկրները ֆինանսական աջակցություն հատկացրել են ՄԱԿ-ի COVAX ծրագրին, որի նպատակն աշխարհի ամենախոցելի ժողովուրդների համար պատվաստանյութեր ձեռքբերելն է: Նրանք նաև խոստացել են այդ ժողովուրդներին հատկացնել իրենց երկրների համար արդեն իսկ ձեռքբերված չափաբաժինների մի մասը:
Արդյունաբերապես զարգացած խոշորագույն յոթ պետությունների ղեկավարներն ուրբաթ օրը հայտարարեցին, որ արագացնելու են համաշխարհային պատվաստումների գործընթացը: Մեծ յոթնյակը պատրաստվում է ՄԱԿ-ի կողմից սկսված այդ ձեռնարկի համար հավաքել 7.5 միլիարդ դոլար:
Թեդրոս Գեբրեյեսուսը, հասկանալով հարուստ երկրների իշխանությունների նկատմամբ այս հարցում առկա քաղաքական ճնշումները, կոչ է անում այդ երկրների առաջնորդներին, բացատրել իրենց ժողովուրդներին, որ «ինքներդ ձեզ այս հիվանդությունից պաշտպանելու համար պետք է պատվաստումներ ստանաք ոչ միայն դուք, այլ նաև աշխարհում բնակվող մյուս մարդիկ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են