Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ԵՊՀ-ում են
Երևանում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան փողոցում են՝ ԵՊՀ-ի դիմաց։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով, կան շատ ու շատ երիտասարդներ, որոնք չեն պատկերացնում, թե կոնկրետ ինչ անելիք կարող են իրենք ունենալ, և այդ պատճառով են իրենք այս պահին ԵՊՀ-ի մոտ ակցիա իրականացնում։
«Մենք կարող ենք հուշել՝ իրենք ինչ կարող են անել։ Ցանկացած բան, օրինակ՝ խանութում մանրը վերցնելիս ասեն՝ Նիկոլ դավաճան, շարասյունը տեսնելիս ասեն՝ Նիկոլ դավաճան, ազդանշան տան, կարող են ընկերներով հավաքվել ու փակել յուրաքանչյուր փողոց։ Այդ ամենը հունից հանում է Նիկոլին»,- նկատեց նա։
Այնուհետև ակցիայի մասնակիցները «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով շարժվեցին դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, ապա մտան ներս ու սկսեցին մայր բուհի պատերից ներս վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։
Ակցիայի մասնակիցները շրջում են ԵՊՀ միջանցքներում և իրենց միանալու ու դասադուլ անելու կոչեր հնչեցնում։
Հայկ Մամիջանյանը, լսարաններից մեկում դիմեց ուսանողներին և կոչ արեց միանալ «Հայրենիքի փրկության շարժմանը» և դեմ գնալ «դավաճանին»։
«Պետք է վտարենք այդ դավաճանին վարչապետի նստավայրից։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին՝ շարունակել մնալ արժանապատիվ քաղաքացի ու դեմ գնալ դավաճանին»,- ասաց նա։
Ապա ակիցայի մասնակիցները շարունակեցին իրենց ակցիան համալսարանի ներսում։ Նրանք յուրաքանչյուր լսարանի դիմաց կանգնում և վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Միացում»։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակցի ոտքի կոտրման դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն
- Անհնազանդության ակցիա իրականացնողները ամփոփեցին երթը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան