Հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք հարկատուն ծանոթացել է իր էլեկտրոնային փոստին ուղարկած ծանուցմանը. ՊԵԿ նախագահ
«Հարկ վճարողին ապահովվել է ծանուցված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ դրանից հետո նա իրացրել է, թե չի իրացրել այն, կարծում եմ, այդ հարցին այլևս հնարավորություն չկա անդրադառնալ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:
ՊԵԿ ղեկավարը հայտնեց, որ նախագծով կատարված համապատասխան փոփոխության արդյունքում՝ սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման եղանակը:
Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ օրինագծում սահմանվել է, որ էլեկտրոնային ծանուցումը պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն է, և այն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում այդ փաստաթղթերը տեղադրելու եղանակով:
Նա հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունները կատարվել են ՍԴ որոշմամբ առաջարկած կանոնակարգումների համաձայն:
Էդվարդ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր համարել հարկային օրենսգրքի այն դրույթն, ըստ որի՝ հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից դրանք համարվում են ուժի մեջ մտած, այն դեպքում, երբ դրանց ստացումը չէր հաստատվում էլեկտրոնային հավաստմամբ:
ԱԺ հանձնաժողովի անդամները հիշեցրեցին, որ օրինագծի առաջին ընթերցումից հետո պատգամավորներն առաջարկել էին հարկատուներին ծանուցելու առավել հավաստի մեխանիզմներ ներդնել, որին Հովհաննիսյանն արձագանքեց՝ վարչական մարմինն իր լիազորութթյունների մասով հնարավոր բոլոր միջոցները կիրառել է և այլ լուծումներ չունի :
«Օրենսդրական որևէ գործիքակազմ, թե տեսական, թե գործնական առումով, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, իսկ առաջարկվող տարբերակը հավասարեցվում է փաստացի անձին ֆիզիկապես ծրարը հանձնելու և ստանալու փաստին»,- հայտարարեց Էդվարդ Հովհաննիսյանը և հավելեց, թե դրանից հետո ստացողն այն կարդալու է, թե ոչ, այն արդեն պետական մարմնի իրավասության, կամ հնարավորության դաշտից դուրս է: