«Հրապարակ». Մի քանի բլոկ և մեծ թվով մասնակիցներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձևավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեև ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, և քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։ 17 կուսակցություններից միմյանց հետ ճանապարհ կգնան, հավանաբար, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և քոչարյանական թևը։
Ընդ որում, ՀՅԴ-ն՝ որպես ավանդական և ինստիտուցիոնալ կուսակցություն, հավակնում է առավել գերակշիռ դերակատարում։ Սակայն, որպես կանոն, ցուցակ կազմելու ժամանակ գործընկերները համաձայնության չեն գալիս, և հավանական դաշինքը, դեռ չստեղծված, քանդվում է։ Հանրապետականն ու ԲՀԿ-ն իրենց համարում են ամենակայացած և ընտրական մեծ փորձ ունեցող ուժեր, ուստի հակված են միայնակ գնալու։
Մյուսներից քիչ թե շատ միավորվելու շանսեր ունի Հրանտ Բագրատյանը՝ մի քանի մանր կուսակցությունների հետ։ Մի բլոկ էլ կարող է ձևավորվել ակտիվ պրոռուսական ուժերից, որոնք նոր ՍՍՀՄ ձևավորելու գաղափարի կողմնակիցն են։ Ամեն դեպքում, արդեն հստակ է, որ առաջիկա ընտրություններին մեծ թվով մասնակիցներ են լինելու՝ փոքր ձայներով, և հստակ առաջատար ու մեծամասնություն չի ձևավորվելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: