Ամերիկացի գեներալ․ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար
Ռուսաստանը ապակայունացնում է աշխարհը և վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այդ մասին Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի սիմպոզիումում ասել է գեներալ Թոդ Ուոլթերսը՝ Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար: Այս մասին գրում է Ria-ն։
«Չնայած միջազգային հանրության համընդհանուր դատապարտմանը և շարունակական տնտեսական պատժամիջոցներին՝ Ռուսաստանը չարամիտ գործողություններ է կատարում ՝ ուղղված ամբողջ աշխարհի ապակայունացմանը, այդ գործողություններից շատերը տեղի են ունենում Եվրոպայում: ... Ռուսաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար», - նրա խոսքերը մեջբերել է Պաշտպանության նախարարության կայքը:
Գեներալը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել սովետական ժամանակաշրջանի ազդեցության ոլորտը և ուժ է կիրառում հարևան երկրներին ստիպելու համար:
Բացի այդ, պնդում է Ուոլթերսը, Մոսկվան «օգտագործում է ոչ սովորական գործիքներ, ինչպիսիք են մասնավոր ռազմական ընկերությունները՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին վախեցնելու, թուլացնելու և բաժանելու համար»:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները պատմականորեն լարված են եղել. 2014-ից հետո, Ուկրաինայում և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, Բրյուսելի հետ երկխոսությունը նույնպես վատթարացավ: Արևմուտքը, մեղադրելով Մոսկվային Կիևի գործերին միջամտելու մեջ, նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց: