ԱՄՆ-ը 2,65մլն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տալիս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին
2021 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարեց $2,65 մլն լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվեն ԱՄՆ ՄԶԳ երկու ծրագրեր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում -Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1,15 մլն լրացուցիչ ֆինանսավորում`ընդհանուր բյուջեն հասցնելով $5,15 միլիոնի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը, թիրախավորելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց ստանձնել տնտեսական առաջնորդի դեր։
Այս ամենը կհամալրի RED-NEO-ի ընթացիկ գործունեությունը՝ ամրապնդելու այգեգործության և խաղողագործության արժեշղթան Հայաստանում։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց արտադրական կարողությունները արդիականացնելու համար: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO- ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների 2020 թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը:
Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ, RED-NEO-ն կաշխատի գենդերային տնտեսական բացի վերացման և գյուղատնտեսության ոլորտում կանանց բիզնես, ֆինանսական, շուկայավարման, կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ։ Ըստ գնահատումներից մեկի՝ գենդերային տնտեսական բացը վերացնելը Հայաստանի համար կարևոր հնարավորություն կարող է հանդիսանալ։ Ավելին՝ երկիրը կարող էր գրանցել տարեկան 14 տոկոսի ՀՆԱ-ի աճ, եթե կանանց հնարավորություն տրվեր մուտք գործել աշխատաշուկա իրենց համապատասխան մակարդակով:
RED-NEO-ի շրջանակում կստեղծվի մենթորական ծրագիր՝ կին ձեռներեցների, ուսանողների, բիզնես ասոցիացիաների և այլ սուբյեկտների միջև նոր համագործակցություն խթանելու և առկա կապերն ամրապնդելու համար:
ԱՄՆ ՄԶԳ-ն նաև տրամադրում է լրացուցիչ $1.5 մլն ֆինանսավորում՝ «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների և ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին` ֆորմալ կոոպերատիվների ամրապնդման, բիզնեսի զարգացմանն ու կանանց համար գյուղատնտեսական նորարարությունների հասանելիության մակարդակը բարձրացնելու համար:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն այժմ կազմում է $1,9 միլիոն: 2020 թվականի մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը, որտեղ Հայաստանի գյուղական համայնքների ձեռնարկատերերը ձեռք կբերեն նոր հմտություններ` իրենց բիզնեսը ընդլայնելու և արտադրությունը կատարելագործելու համար:
Այս լրացուցիչ ֆինանսավորմամբ AGRI CAMP-ը կամրապնդի գյուղատնտեսության ոլորտի կին գործարարների հմտություններն ու գործարար կապերը`համախմբելով տեխնիկական մասնագետների, ձեռներեցների և ինժեներների`գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ մշակելու համար (օրինակ՝ առավելագույնի հասցնել արտադրանքը`օգտագործելով ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաներ, ջրի և պարարտանյութերի նվազագույն օգտագործմամբ):
AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչև 2023 թ. ապրիլի 30-ը առնվազն 1,000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից և տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ։ Արդյունք, որն, ի վերջո, կհանգեցնի բիզնեսի հասույթի և տնային տնտեսությունների եկամուտների ավելացման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան