Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է:
Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու: Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:
Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»,- ասված է ԲՀԿ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Նիկո՛լ, չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով. Նաիրա Զոհրաբյան
- Արմեն Աշոտյանն ուժայիններին խոհեմության կոչ է անում