Այս իշխանությունն իր առաջ ունի խնդիր, և դա Հայաստանի և Արցախի անվտանգությունը չէ. Աբրահամյան
«Կարծում եմ՝ բոլորի համար էլ հասկանալի է, որ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը հանրությանն ազդանշան է տալիս առ այն, որ ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը հասել է այնպիսի աստիճանի, որ չկա այլևս այլ տարբերակ, քան գործող իշխանության հեռացումը»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, այն վիճակը, որ առաջացել է հետպատերազմական շրջանում, և այն գործողությունները, որոնք իրականացվում են գործող իշխանության կողմից, ինքնին սպառնալիք են երկրի անվտանգության համար։
«Ու այս դեպքում ԶՈւ ԳՇ-ն չի ունեցել այլ ելք, քան այս ճանապարհը։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ ԳՇ պետը, ըստ ՀՀ սահմանադրության՝ թիվ մեկ զինվորականն է, և այդ մարդիկ, ովքեր իրենց ստորագրությունն են դրել ԶՈւ ԳՇ հայտարարության տակ, նրանք բոլորը վերջին 2-3 տասնամյակում մարտական փառավոր ծառայություն անցած և ամենատարբեր փուլերում մեր հայրենիքի պաշտպանությամբ զբաղված մարդիկ են։ Եվ կարծում եմ, որ նրանց այս հայտարարությունը լիարժեքորեն արտահայտում է ստեղծված այն վտանգավոր վիճակը, ինչը մենք այսօր ունենք»,- նշեց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, ԳՇ պետի հայտարարությունը քաղաքականությամբ զբաղվել չէ, և ցանկացած զինվորական, որը տիրապետում է իրավիճակին, կարող է այս ձևով իր կարծիքն արտահայտել։
«Այդ հայտարարությունն ավելի շատ իր մեջ մտահոգություն է պարունակում, քան քաղաքական գործընթացներին մասնակցելու միտում։ Իսկ այդ հայտարարությանը հաջորդած Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու, ոչ այլ ինչ է, քան իշխանությունը պահելու ձև։ Այս իշխանությունն իր առաջ ունի խնդիր, և դա Հայաստանի և Արցախի անվտանգությունը չէ։ Դա իշխանությունն ամեն գնով պահելու մոտեցումն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ցանկացած գնով փորձելու է պահել իր իշխանությունը»,- կարծիք հայտնեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ
- Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. ԼՀԿ
- Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
- Տիգրան Աբրահամյանը՝ Արայիկ Հարությունյանին. Չտրվեք Փաշինյանի սադրանքներին