Նախագահը որևէ ազդակ չի տվել՝ փաստաթուղթը ստորագրելո՞ւ, թե՞՝ հետ ուղարկելու. Վանեցյան
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանի հետ եղած հանդիպումից։
«Մենք նախագահին ներկայացրինք մեր տեսակետները, և խնդրեցինք, որ որպես սահմանադրության երաշխավոր իր հնարավորությունների շրջանակում հանգուցալուծի երկրում եղած այս արտառոց և աննորմալ վիճակը։ Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ։ Նախագահը շարունակում է հանդիպումների շարքը, որից հետո արդեն ընդհանուր կարծիք կներկայացնի»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց՝ Արմեն Սարգսյանն իրենց հայտնել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում է ունենալու, և անձամբ նրանից է լսելու պատճառների մասին, որոնք իրեն դրդել են անել նմանատիպ հայտարարություն։
«Կա մի կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության ու պետականության կորստի վտանգ։ Ուստի բոլոր ուժերը պետք է քայլեր անեն՝ այդ խնդիրը հաղթահարելու համար»,- նկատեց նա։
Հարցին, թե ի՞նչ ազդակեր կային՝ Արմեն Սարգսյանը ավելի շատ հակված է փաստաթուղթը ստորագրելո՞ւ, թե՞՝ հետ ուղարկելու, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ասելով, որ նախագահը որևէ ազդակ չի տվել.
«Նա մեզ ասել է, որ իր լիազորությունների շրջանակում օբյեկտիվ որոշում կկայացնի»։
Դիտարկմանը, որ մամուլը գրում է, թե ԳՇ պետին աշխատանքից ազատելու Փաշինյանի հրամանը Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ նշելով, որ նման որևէ բան Արմեն Սարգսյանը չի ասել։
«Մենք ֆիքսել ենք մի բան, որ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակից դուրս գալու համար պետք են արագ ու օբյեկտիվ լուծումներ։ Բայց որևէ կոնկրետ որոշում նա մեզ չի ասել»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան