ՄԻՊ դիրքորոշումները երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թսթյանը ներկայացրել է իր դիրքորոշումները երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.
«1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:
Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:
2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:
Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:
3. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն:
4. Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:
5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը:
6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:
7. Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:
Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:
Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:
Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:
8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:
9. Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:
Խաղաղ հավաքների ազատության նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել:
10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:
Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման:
12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:
13. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ:
14. Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:
Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար:
Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):
15. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:
Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:
16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
- Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում. Վանեցյան
- ԱԺ շենքի դիմաց բեմադրվեց «Չաուշեսկուների գնդակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ներկայացումը
- Նախագահը որևէ ազդակ չի տվել՝ փաստաթուղթը ստորագրելո՞ւ, թե՞՝ հետ ուղարկելու. Վանեցյան
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի