Իմքայլականնե՛ր, գիտեմ՝ ձեզնից շատերին Նիկոլը շանտաժ է անում, մի՛ վախեցեք նրանից. Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքն այլևս համառելու շանս չունի, ինքը պիտի հասկանա, որ մենք թույլ չենք տալու իրեն՝ երկիրը տանել քաղաքացիական բախումների»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ընդդիմությունը թույլ չի տալու իրեն՝ շարունակելու իր դեմագոգիան, իր մանիպուլյացիան։
«Ես հիմա դիմում եմ Նիկոլի աջակիցներին՝ մի՛ տրվեք այդ մարդու սադրանքներին, նա ամեն ինչ անելու է հային հայի դեմ հանելու համար, նա ամեն ինչ անելու է երկրում քաղաքացիական բախումներ հրահրելու համար, և պատահական չէր երեկ Հանրապետության հրապարակում նրա մի նախադասությունը՝ եկեք հրապարակ, և գնդակահարեք։ Այդ մարդն ասում է, որ նորմալ, քաղաքական ճանապարհով չի գնալու, մենք էլ ասում ենք՝ Նիկո՛լ, դու չես հրահրելու մեր երկրում քաղաքացիական բախում։ Արյուն չի թափվելու։ Հայը հայի արյուն չի թափելու։ Արյուն թափող էիր, թուրքի արյուն թափեիր, ոչ թե թուրքին սկուտեղի վրա հանձնեիր Արցախը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը հային հանում է հայի դեմ, նա ավարտված խաղաքարտ է, նա իր պատվիրատուների առաջ կատարվելիք միսիան արդեն կատարել է՝ հանձնել է Արցախը։
«Նրա պաշտոնավարման ամեն օրը հարված է Հայաստանի պետականությանը։ Նա պետք է հեռանա, որ մենք ուղղենք Հայաստանի ու Արցախի ողնաշարը։ Կոչով դիմում եմ նաև իմքայլական պատգամավորներին։ Ես ձեզնից շատերի հետ զրուցել եմ, գիտեմ, որ ձեզնից շատերը քաղաքական պատանդներ են, նա ձեզ շանտաժներով պահում է իր կողքին, ձեզ իր ուսապարկի հետ է համեմատում։ Մի՛ վախեցեք այդ մարդուց, նա ոչինչ այլևս չի կարող անել ՀՀ-ում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ադեկվատությունից դուրս է ընկել. Արման Աբովյան
- Էդմոն Մարուքյան. Փաշինյանը ստում է թե ժողովրդին, թե միջազգային հանրությանը՝ չի եղել ու չկա զինված հեղաշրջման փորձ
- Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան
- Նիկո՛լ, չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով. Նաիրա Զոհրաբյան