ՀՀ Ազգային ժողովը նախագահ չունի. Էդմոն Մարուքյան
«Ազգային ժողովը նախագահ չունի, նա, ըստ էության, գոյություն չունի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա, ԱԺ նախագահը ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով գոյություն չունի։
«Նա ոչ մի քայլ չի անում, և որքանով հասկանում եմ, չի էլ կարող անել որևէ քայլ, որ ինչ-որ բան թուլանա, ինչ-որ լարում վերանա։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ են նախաձեռնել, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ ԱԺ, խմբ.)։ Իշխանության բոլոր հայտարարությունները, թե պետք է քննարկումներ արվեն, երեսպաշտություն են։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը սկի չի գալիս նիստը բացի, ասի՝ քվորում չկա, մենք ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, եթե անգամ ԱԺ նախագահը չէր եկել, նա կարող էր փոխխոսնակներից մեկին ասել, որ գա և բացի նիստը. «Բայց սա անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ, և իմ գնահատականը սա է՝ ԱԺ-ն չունի նախագահ»։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքական քննարկում պետք է լինի, բայց կողմեր չկան։
«ԱԺ նախագահը պետք է բացեր նիստը, հայտարարեր, որ քվորում չկա, որից հետո 2 ժամ քվորումը բաց է, եթե խորհրդի անդամները ներկայանան կլինի քվորում ու գրանցում, կամ չի լինի, եթե անհրաժեշտ թվով մարդիկ չլինեն։ Ես այսպիսի դեպք չեմ հիշում, միշտ եկել, բացել են նիստը, անգամ այն օրերին, երբ խորհրդարանը գրավել էին, տիկին Նազարյանն էր պաշտոնակատարը, նրան հանձնարարել էին ու նիստը բացվել էր»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
Դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանի քայլերթի ժամանակ Արարատ Միրզոյանը բացակայում էր, հնարավո՞ր է դա ինչ-որ ձևով կապվում է վերջինիս կողմից նիստը չբացելու հետ, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց՝ իրեն չի հետաքրքրում իշխանության ներքին խոհանոցը։
«Սա սահմանադրական ինստիտուտ է, և այս պահին երկրի միակ լեգիտիմ ինստիտուտն է։ Հիմա նաև այս համակարգը ապականելը, հունից հանելը ո՞ւմ օգտին է»,- հարց հնչեցրեց նա։
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է հանրապետության նախագահին՝ երկրում կատարվողը քննարելու համար։
Նա կարծիք հայտնեց, որ իրավիճակը չի կարող հանգուցալուծվել այն պայմաններում, երբ երկրում չկան ոչ պաշտոնյաներ, ոչ էլ պետական ինստիտուտներ
«Տեսեք՝ չկա ԱԺ նախագահ, չկա Ազգային անվտանգության խորհրդի քարուղար, որ ոչինչ չի ասել, դուք լսե՞լ եք, որ մի բան ասի, չկա։ Ասենք, Սերժ Սարգսյանի հարցազրույցի օրը գնաց ինտերվյու տվեց, դեմ խոսեց ու վերջ։ Ասենք, էդ մարդը հեղափոխության մասին գիրք էր գրում, փոստ արեց։ Թշնամին էլ ասաց, լավ, որ սրանց անվտանգության խորհրդի քարտուղարը պարապ է, գիրք է գրում, հեղափոխության մասին, մենք էլ հեսա պատրաստվում ենք պատերազմին»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս դավադիր ապիկարը հետևողականորեն իրականացնում է իր քայլերը. Խաչիկ Գալստյան
- Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան