Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
«Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է»,- այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փարկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի պետք է գնա, կամ էլ պատգամավորների քվեարկությամբ կհեռացվի:
«Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում, այն արդեն խախտել հնարավոր չէ»,- մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀՀ ԶՈԻ ԳՇ հայտարարությունը խախտել է Հայաստանի անվտանգությունը՝ նկատեց ՀՓՇ առաջնորդը և հավելեց, որ Փաշինյանը «Իսկանդերի» մասին խոսելով ավելի նվազեցրեց անվտանգության մակարդակը:
Ըստ Մանուկյանի, բանակն ապահովում է երկրի անվտանգությունը, գտնում է նրան վտանգող թիրախը և այս դեպքում ասաց, որ երկրի անվտանգությանը սպառնում է Նիկոլ Փաշինյանը և նա պետք է հեռանա:
Նա նկատեց, որ այդ հայտարարությանը միացել են ԳՇ ղեկավարությունը և բոլոր 5 կորպուսի հրամանատարները և այն իրենց իրավասությանմեջ մտնող հարց էր:
Վազգեն Մանուկյանը գտնում է, որ նախորդ օրը կազմակերպած երթով Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր բախումներ կազմակերպել, ինչը նա արել է մարտի 1-ին:
Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու է խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ գումարելու պահանջը, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է:
Նա հայտնեց, որ Հայրենիքի փրկության շարժումը երթ կկազմակերպի և ժամը 16.00-ին կամ 18:00-ին կլինի Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ նիստի ժամին:
Ըստ Մանուկյանի, իշխանությունը գրեթե 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է ոչ մի հենարան չունի, հոգեվարքի մեջ է, իսկ ընդդիմությունը բոլոր գործողություններն արել է, պետք է համաժողովրդական շարժում լինի և այսօր արդեն շրջաններից ցուցարարներ են գալու Երևան: