«ՀՓՇ»-ն գլխավոր դատախազի անունից Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ցուցում է պատրաստել
«Մենք դեկտեմբերի 22-ին դատախազին հանձնեցինք պետական դավաճանության մասին երկրորդ հաղորդումը, առաջինը ներկայացվել էր դեռևս նոյեմբերի 26-ին, իսկ ահա դեկտեմբերի 25-ին ներկայացվեց երրոդ հաղորդումը, որտեղ հստակ ներկայացված էին պետական դավաճանության կոնկրետ փաստեր, որոնք պահանջում էին գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, ՀՀ գլխավոր դատախազը, չլսելով իրավաբաններին, նրանց ցուցումին չհետևելով, այդ նույն հաղորդումն ուղարկել է կցելու, ըստ էության, դրա հետ որևէ առնչություն չունեցող քրեական գործի։
«Ինչևէ, հունվարին արդեն հանձնվեց Շուռնուխը։ Եվ ես հենց այստեղ, հենց հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե դատախազությունը լսեր իրավաբան գիտնականների հորդորը, և կյանքի կոչեր հաղորդումն ու դրա մեջ դրված հիմնական պահանջը՝ պետական դավաճանության հիմքով գործ հարուցելու վերաբերյալ, և ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին, ապա այսօր Շուռնուխը հանձնված չէր լինի»,- ասաց նա։
Արթուր Ղազինյանը նշեց, որ դատախազությունը զլանում է կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները, և տեղափոխվում է քաղաքական հարթություն՝ հեռանալով իրավունքից, իսկ դատախազությունում քրեական գործերը հարուցվում ու կարճվում են բացառապես այսօրվա իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ։
Նա տեղեկացրեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախումբը որոշել է, որ դատախազության փոխարեն այդ գործն իր վրա կվերցնի ու գլխավոր դատախազին կներկայացնի իր իսկ անունից պատրաստված կոնկրետ ցուցում՝ ուղղված ավագ քննիչ Գարիկ Բեգոյանին։
«Այդ ցուցումում մասնավորապես նշվելու է՝ հաշվի առնելով այն հանգմանքը, որ Նիկոլ Փաշինյանը մնալով ազատության մեջ, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործելով ողջամտորեն կարող է խոչընդոտել քրեական գործի լրիվ օբյեկտիվորեն ու բազմակողմանի քննության կատարմանը, հանձնարարում եմ անհապաղ ձերբակալել Նիկոլ Վովայի Փաշինյանին, և օրենքով սահմանված ժամկետում նրան մեղադրանք առաջադրել քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան»,- ընթերցեց ցուցման տեքստը Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
- Կոչ ոստիկանությանը․ Գիտակցեք պատմական հնարավորությունը, չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ղեկավարների հրամանները
- Ղազինյան. Հարցեր, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրգործով վարույթն իրականացնող մարմինը