Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում. Վանեցյան
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին մանրամասներ ներկայացրեց Արմեն Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից և նշեց, որ հետագա անելիքները պետք է որոշեն միասին։
Մասնավորապես, Արթուր Վանեցյանը նշեց, որ ՀՀ նախագահից պահանջը մեկն է՝ արագ լուծում տալ երկրում ստեղծված աննորմալ վիճակին։
«Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան։ Նրան ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը։ Այն է՝ որպես սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները և չստորագրի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը։ Իրավական առումով բոլոր հիմքերը կան և դրանք ներկայացված են։ ԶՈւ ԳՇ պետը ապաքաղաքական պաշտոն է և քաղաքական նպատակներով նրան աշխատանքից ազատելը սահմանադրության խախտում է»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ մեր երկիրն այսօր ունի լրջագույն անվտանգային խնդիր և անվտանգային սպառնալիք, որի լուծումը ՀՀ նախագահի ձեռքում է։
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել։ Լսել է մեր հստակ պահանջը։ Ասել է, որ կհանդիպի ԶՈւ ԳՇ պետի և բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,- հայտնեց Վանեցյանն ու կոչ արեց ներկաներին պահանջել նախագահից կայացնել որոշում՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը, Վանեցյանը նշեց, որ իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հանրությանն՝ ասելով, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է։
«Ժողովուրդ, եթե բանակը ռազմական հեղաշրջում փորձեր աներ, արդյո՞ք մենք այսօր փողոցում հավաքված, այս պայմաններում դեռևս պետք է պահանջեինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իհարկե՝ ոչ։ ԶՈւ շտաբի պետի և մնացած զինվորականների հայտարարությունը մեր համար լրջագույն ահազանգ էր, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում։ Մենք կանգնած ենք անդունդի առջև և մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանը դիմելով հանրությանը՝ կոչ արեց ականջալուր լինել գեներալների և բարձրաստիճան սպաների ասած խոսքերին։
«Հայաստանի Հանրապետությունը լրջագույն սպառնալիքի տակ է և յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ շենքի դիմաց բեմադրվեց «Չաուշեսկուների գնդակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ներկայացումը
- Նախագահը որևէ ազդակ չի տվել՝ փաստաթուղթը ստորագրելո՞ւ, թե՞՝ հետ ուղարկելու. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան