Իշխանությունը ադեկվատությունից դուրս է ընկել. Արման Աբովյան
«Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ և ունակ չէ սթափ գնահատել ու ընդունել իրավիճակը»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկումներ ունենալ և հանրահավաքներ չկազմակերպել։
Նրա խոսքով, իշխանության հայտարարություններն իրարամերժ են ու չեն համապատասխանում օրվա խնդրին, ուստի և իմաստ չկա որևէ տրամաբանություն գտնել իշխանության քայլերի ու հայտարարությունների մեջ։
«Խնդիրն այն է, որ այսօր կրկին իշխանությունները ցույց տվեցին, որ կարևորագույն ինստիտուտը՝ ԱԺ-ն, որն ըստ էության, գերագույն ինստիտուտն է ՀՀ-ում, իշխանությունների կողմից ոչ թե անտեսվում է, այլ քաղաքական բոյկոտի է ենթարկվում։ Դուք տեսաք, որ «Իմ քայլի» խորհրդի անդամները, ԱԺ նախագահը չեկան խորհրդի նիստին, իսկ դա նշանակում է, որ իրենք կա՛մ ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը, կա՛մ որոշել են անհասկանալի օրակարգով շարժվել»,- նկատեց նա։
Արման Աբովյանի գնահատմամբ՝ այսօր իրավիճակը զավեշտալի է։
«Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի ընդհարումներ ու բախումներ չլինեն, իսկ դրա համար պետք է բոլոր հարցերը բերել նորմալ, հասկանալի դաշտ։ Իսկ իշխանությունը հասկանալի դաշտից, ադեկվատությունից դուրս է ընկել»,- կարծիք հայտնեց ԲՀԿ քարտուղարը։
Հարցին՝ ռազմական հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Արման Աբովյանը պատասխանեց՝ ասելով, որ չի ցանկանում գնահատական տալ ․ «Ես գիտեմ միայն մի բան՝ այն, ինչ կատարվել էր, և այն հայտարարությունները, որոնք հնչել էին, ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն»։
Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, պատգամավորը նշեց, որ այլևս չի հավատում, որ իշխանություններն այդքան մտահոգված են ռազմական դրությամբ։
«Պնդում են, որ Սյունիքում անվտանգության երաշխիքներ կան, թող գնան, նայեն թուրք զինվորին, որ կանգնած է հայկական հողում։ Երբ ասում ենք՝ Սյունիքում մի քանի կետում ադրբեջանական զինուժ է կանգնած, ասում են՝ դրանք նրանց միջազգային սահմաններն են, զուգահեռ էլ ասում են՝ դեմարկացիա չկա։ Իրավիճակը, փաստերը մշտապես պտտեցնելու մոլուցքը բերել է նրան, որ մի բան ասում են, հետո մոռանում՝ ինչ են ասել, հետո էլ սպառնում են՝ «Ոչ թավիշին»»,- եզրափակեց խոսքը Արման Աբովյանը։