ԵՊՀ-ական Գևորգ Արշակյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է
ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ-ում փոխանցել են նրա ընտանիքին:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը պարգևատրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:
ԵՊՀ-ից մանրամասնում են, որ դեռ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգը համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել և վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, Գևորգն առանց վարանելու մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս Գևորգը հերոսաբար զոհվել է:
Հարցազրույցներից մեկի ժամանակ՝ դեռ 2017-ին, Գևորգը, խոսելով երազանքների մասին, նշել էր. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր հավաքվել էին Գևորգի մայրը, մորաքույրները, ընկերները, դասախոսները, տարբեր ֆակուլտետների դեկաններ ու պրոռեկտորներ՝ ևս մեկ անգամ հարգելու Գևորգի հիշատակը և փառաբանելու նրա սխրագործությունը:
«Այսօր մենք շատ հպարտ ենք, որ ունեցել ենք Գևորգի նման սան, բայց մյուս կողմից՝ գլխիկոր ենք, որ նա այսօր մեզ հետ չէ: Հենց նրա պես բազմաշնորհ, անձնազոհ մարդկանց գործունեության շնորհիվ է, որ այսօր դեռ ունենք մեր մի կտոր հայրենիքը: Եթե չլինեին Արշակյանի նման հերոսներ, մենք վաղուց կորած կլինեինք պատմության հորձանուտներում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով, բացառիկ են այն ուսանողները, որ իրենց հրաշալի դրսևորել են գիտության տարբեր բնագավառներում, սովորել տարբեր ֆակուլտետներում, և ավելի բացառիկ կամ գուցե եզակի է այն ուսանողը, որն այս ամենի հետ մեկտեղ որոշել է դառնալ ռազմական գործիչ. «Արշակյանն այդպիսինն էր, և ես վստահ եմ, որ եթե նա շարունակեր իր մարտական ուղին, դառնալու էր փայլուն ռազմական գործիչ»:
Գևորգի ուսանողական և մարտական ընկեր, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշել է, որ Գևորգը ցանկացած քայլ անելիս յուրահատուկ ու բացառիկ էր. «Այժմ մենք էլ ինչ-որ բան անելիս մտածում ենք, թե ինչպես կարձագանքեր Գևորգը, ինչ կասեր»:
«Գևորգը ցանկացած ֆակուլտետի ուսանողի հետ կարող էր խոսել նրա մասնագիտությունից, անվերջ բանավիճել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել»,- ասել է Դավիթը և հիշեց, որ երբ ջոկատով գնացել էին Գևորգի զորամաս, տեսել էին այն նույն ճանաչումը, սերն ու հարգանքը, որ վայելում էր Գևորգը համալսարանում:
«Ես Գևորգին միշտ կենդանի եմ հիշելու, չեմ պատկերացնում մի օր, որ գամ համալսարան, անեմ մի գործողություն և չհիշեմ նրան,- ասաց ՈՒԽ նախագահը և շնորհակալություն է հայտնել Գևորգի մայրիկին,- Դուք վառ օրինակ եք, որ հերոսներ ծնվում են հայ մորից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան