Այս դավադիր ապիկարը հետևողականորեն իրականացնում է իր քայլերը. Խաչիկ Գալստյան
«Որպեսզի խոշոր պետությունների ոտքի տակ չըկնես, դու պետք է լինես դիվանագետ, դու պետք է մաքսիմալ հաշվարկես բոլոր գործողություններդ, պետության ղեկավարի շուրթերից յուրաքանչյուր բառը, տառը պետք է հազար անգամ չափված լինի»,- այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Սակայն, նրա խոսքով, Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. կա մի «կատարյալ խեղկատակ», անմեղսունակ անձնավորություն, որը լրագրողական, դեղին մամուլի մակարդակում, ամեն ինչի մասին մի քիչ-մի քիչ իմանալով, երկիրը դրել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, և իր անպատասխանատու հայտարարություններով ՀՀ-ի միակ ռազմավարական դաշնակցի հետ ավելի է սրել հարաբերությունները։
«Բայց և այնպես, ես ընդունում եմ, որ Փաշինյանի հայտարարություններում կարելի է դիտարկել նաև դավադրության տեսությունը, ըստ որի՝ դեռ 2.5 տարի առաջ ՀՀ-ում մեծ դավադրության արդյունքում իշխանության եկան ինչ-որ ուժերի ենթարկվող մարդիկ, որոնք հետևողականորեն դավադրություն էին ծրագրում հայոց պետականության դեմ։ Եվ ահա, այս դավադիր ապիկարը հետևողականորեն իրականացնում է իր քայլերը։ Ինձ մոտ հարց էր առաջանում. պարտությունից հետո է՞լ ինչ պիտի սա աներ, որ դեռ 3.5 ամիս է հրաժարական չի տալիս, հիմա կարծես վարագույրը բացվում է, և մենք տեսնում ենք, որ մեր ոխերիմ հարևան Թուրքիայի ԱԳՆ-ն ՀՀ ԳՇ-ի երեկվա հայտարարությանն էլ է արձագանքել՝ ասելով, թե իշխանության դեմ ռազմական հեղաշրջման փորձերը դատապարտելի են»,- ասաց նա։
Խաչիկ Գալստյանը նկատեց նաև, որ երեկ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հաղորդագրությանը հաջորդած հայտարարությունները, որոնք արվեցին իշխանության շուրթերով, վկայում են, որ կարող է եղբայրասպան բախումներ լինեն, քաղաքացիական բախումներ։
«Մեր պատմության մեջ այդպիսի ցավալի բախումները շատ են։ Այս հակառուսական ալիքը և արևմտյան գերտերությունների՝ Ռուսաստանի շուրջ «անակոնդայի» օպերացիա իրականացնելը, կարող են տեղավորվել ընդհանուր փազլի մեջ։ Ես այստեղ մեկ ուրիշ գիծ էլ եմ տեսնում։ Եթե մենք հաշվի ենք առնում այս մարդու հոգեկերտվածքը ու դիտարկում ենք, որ սա իր կյանքում միայն մեղավորներ է փնտրել, կարող է և մի օր ՀՀ-ի խայտառակ պարտության թիվ մեկ մեղավոր հայտարարի ՌԴ-ին»,- կարծիք հայտնեց Խաչիկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Խելագարը պատրաստ է ամեն գնով մարդկանց հանել իրար դեմ և արյունահեղության դրդել ՀՀ քաղաքացիներին»
- Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան