Նիդերլանդների պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ուղարկվել է կառավարություն
«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհ է Նիդերլանդների խորհրդարանի հստակ որոշումից։ Այժմ հերթը Հոլանդիայի կառավարությանն է, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ FAON-ը շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևն ընդունելու համար»,-այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը համարյա միաձայն ընդունեց բանաձևը։
Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։
«FAON-ը, ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդեվինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։
Ֆորդեվինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։
FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։
Պատմական իրադարձությունները չկոչել և չճանաչել, որպես ցեղասպանություն, կարող է բոլորովին սխալ պարունակել։
FAON-ը ենթադրում է, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն»,-նշում են կազմակերպությունից։
Ավելի վաղ բանաձևերով (2015,2018), խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։
Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը։