Այս իշխանությունը կառավարման իմիտացիա է անում, մյուս կողմից էլ՝ «անիծում բնության հերը»․ անտառագետ
Կառավարությունը բնապահպանության ոլորտում ծրագրեր է իրականացնում, որոնք ոչ միայն անպիտան են, այլև կարող են ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ և բացասական անդրադառնալ էկոլոգիայի վրա։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց անտառագետ Այսեր Ղազարյանը։
Նա Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ֆիկցիա է անվանում։
«Անտառների կրկնապատկման մասով միջազգային կազմակերպությունների հետ ծրագրեր են իրականացվում, որոնք ավանտյուրա են, ֆիկցիա։ Դրանց նպատակը մեկն է՝ միջազգային դրամաշնորհներ բերել Հայաստան և ոչ ավելին»,- հայտարարեց Այսեր Ղազարյանն ու թվարկեց մի շարք ձախողված ծրագրեր։
Մասնավորապես, ըստ նրա, ձախողվածներից է 10 մլն ծառ տնկելու ծրագիրը։
«Նախորդ աշնանն արդեն հայտարարեցին, որ COVID-ի հետ կապված խնդիր ունեն և ծրագիրը չի իրագործվի։ Սակայն, նախկին նախարարը, հետո բերանից «թռցրեց», որ տնկանյութի հետ կապված խնդիր կա։ Հետո հայտարարությունը սղագրեցին՝ թողնելով միայն COVID-ի խնդիրը։ Հիմա, այս նորանշանակ նախարարն էլ նորից հայտարարում է, որ ծրագիրն իրականացնելու են այս տարվա աշնանը։ Այսինքն՝ սրանք անուղղելի են։ Մի կողմից կառավարման իմիտացիա են անում, մյուս կողմից էլ՝ «անիծում բնության հերը»։ Որևէ լուրջ գործողություն չի իրականացվում, ամեն ինչ փուչիկ է»,- ասաց անտառագետը։
Այսեր Ղազարյանի դիտարկմամբ՝ ձախողումներն այսքանով չեն սահմանափակվում։ Նա հիշեցրեց, որ կառավարության հավանությամբ իրականացվում է գետաբերաններին ուռենու շիվերի տնկման ծրագիրը, մինչդեռ, ըստ նրա, շատ մասնագետներ իրենց բացասական կարծիքն են արտահայտել այդ ծրագրի վերաբերյալ։ Այդուհանդերձ, ինչպես նշեց անտառագետը, այն իրագործվեց և հիմա էլ նախատեսվում է Սևանա լճի մերձակայքում ուռենիներ տնկել։
«Նույնիսկ միջազգային փարձագետները խորհուրդ չեն տալիս ուռենիներով ծանրաբեռնել գետերի ափերը, քանի որ այնտեղ մի շարք խնդիրներ կարող են առաջանալ՝ ջրային պաշարների քանակության և որակի հետ կապված։ Կարող է առաջանալ ընդհուպ գետի հունի փոփոխություն։ Ամռան ընթացքում գետերի հոսքը նվազում է, ուռենիներն էլ շատ ջուր են կլանում։ Սա նշանակում է, որ Սևան հոսող ջրի ծավալը կնվազի ու որակը կընկնի։ Այսինքն՝ առանց փորձաքննության և մասնագիտական եզրակացության նման ծրագիր են իրականացնում»,- ընդգծեց նա։
Անտառագետի փոխանցմամբ՝ ուռենիները կարող են խթանել նաև մի շարք հիվանդությունների առաջացմանը, ինչի հետևանքով կտուժի կենդանական աշխարհը։
Նա նաև մեջբերելով ՇՄ նախարարի՝ անտառների ոլորտում էքսպլանտացիայի հնարավորության մասին հայտարարությունը, հակադարձեց․
«Էքսպլանտացիան շատ վտանգավոր երևույթ է։ Կենտրոնացնում է ամեն ինչ ձեռքը և փորձում է փակ պարիսպների հետևում գործողություն իրականացնել և որոշակի միջոցներ գեներացնել, միաժամանակ առաջացնելով կոռուպցիոն ռիսկեր։ Անտառվերականգնումը, պահպանումն ու պաշտպանումը պետք է զատել անտառօգտագործումից։ Չի կարող նույն մարմինը պահպանել անտառը և միևնույն ժամանակ զբաղվել դրա կոմերցիոն խնդիրներով։ Դա շահերի բախում է, որը կբերի սուբյեկտիվ հետաքրքրության առաջացմանը և կանդրադառնա կառավարման համակարգի վրա»,- ասաց Այսեր Ղազարյանը։
Նույն իրավիճակն, ըստ նրա, հանքարդյունաբերության ոլորտում է, իսկ դրա վառ օրինակը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը։
«Քաղաքական խմբակի մոտ ցանկություն կա Ամուլսարի հարցը որոշել ի շահ հանքարդյունաբերողների, այն դեպքում, երբ այնտեղ լուրջ խնդիրներ կան։ Ամուլսարի ծրագիրը լուրջ խնդիրներ է առաջացնելու և ունենալու ենք անդառնալի հետևանքներ»,- ասաց նա։
Ամփոփելով խոսքը, Այսեր Ղազարյանն ընդգծեց, որ և ջրային, և անտառային էկոհամակարգերի, հանքարդյունաբերության ոլորտում կառավարության մոտեցումները ստեղծել են նման վատ վիճակ։
«Իրենք կույր կառավարիչներ են, ոլորտից առհասարակ բան չեն հասկանում։ Եվ հետո սուբյեկտիվ շահ, միջոցներ գեներացնելու դաշտ եմ տեսնում, ինչը մտահոգիչ է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել․ Ա․Ղազարյան
- Սոցիալական աջակցության շրջանակներում 200 մլն դրամ կհատկացվի 2 մլն ուռենու կտրոն տնկել ցանկացողներին
- Քննարկվել են 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին վերաբերող մանրամասներ
- 10 մլն ծառ է տնկվելու, բայց որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին