Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Հանրապետության նախագահին ներկայացված՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ։
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասված է.
«2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:
Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:
Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:
Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:
Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:
Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:
Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:
Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա
- Գոհար Մելոյան. Հանրապետության նախագահը չունի ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն
- Չալաբյան. Կոչ եմ անում Նախագահ Արմեն Սարգսյանին գիտակցել պահի ողջ պատասխանատվությունը
- Իրավաբան. Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն
- Mediaport. Արմեն Սարգսյանն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
- Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը. Վանեցյան
- Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
- Այսօրվա հանրահավաքում կներկայացվեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան