Վանեցյան. Գերիների վերադարձով անհատները չեն կարող զբաղվել
«Նոյեմբերի 9-ից անցել է չորս ամիս, առանվազն երկու ամիսը ընդդիմությունը որևէ ակտիվ գործողություններ չի իրականացրել, ինչո՞ւ չլուծեցին գերիների վերադարձի, անհետ կորածների գտնելու հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է այս կետը, ինչո՞ւ չի կատարվել։ Ինչո՞ւ են կատարվել բոլոր կետերը, և չի կատարվել, իմ կարծիքով, այս ամենակարևոր կետը»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով հարցին, որ անհետ կորածների ծնողները ընդդիմությանը հորդորում են դադարեցնել բողոքի գործողությունները, որպեսզի շարունակվեն իրենց որդիների որոնողական աշխատանքները։
Վանեցյանը հիշեցրեց, երբ դեռ Գեղամ Մանուկյանը, Կիմ Բալայանը ու մյուս քաղաքացիները հացադուլ էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, իրեն մոտեցել է անհետ կորած զինվորներից մեկի ծնողը։
«Ես նրան ասացի, ես կդադարեմ զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ այդ հարցով զբաղվելու համար։ Հիմա էլ նույն եմ ասում։ Մեր երկրի անվտանգային հիմքերը քանդված են։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն հիմա զբաղված են մի խնդրով՝ իշխանություն պահելով։ Մենք ունենք բազում խնդիրներ, ունենք մեր երկրի անվտանգության լուրջ սպառնալիքներ, որոնք լուծելու համար պետք է թևերը քշտել, աշխատել ու աշխատել»,- ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ այսօր անվտանգության ապահովման պատասխանատու կառույցներն այսօր աշխատում են ընդդիմության դեմ, հավաքագրում են մարդկանց, որ հայտարարեն, ընդդիմության գործողությունները խանգարում են երեխաների որոնմանը։
Վանեցյանը նշեց, որ թեման շատ զգայուն է, խոսում են անհետ կորած, զոհված, գերի ընկած երեխաների ճակատագրի մասին։
«Սա շատ զգայուն թեմա է, խնդրում եմ՝ մի շահարկեք։ Ես կրկնում եմ ևս մեկ անգամ, ասել եմ, այո, իշխանական լծակներ ունենալու, աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է շատ արագ լուծել գերության մեջ գտնվող մեր տղաների հարցը։ Ես ասել եմ, որ այս իշխանություններն ապիկար ու ապաշնորհ են, չեն կարողանում որևէ հարց լուծել, այդ թվում նաև մեր օրակարգում գտնվող կարևորագույն հարցը՝ գերիների վերադարձի հարցը»,- ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենն ասաց՝ խնդրի լուծման համար իշխանական, պետական լծակներ են պետք, անհատ անձինք չեն կարող այդ հարցը լուծել։
«Այս ամենով հանդերձ պարտված իշխանությունը չի կարող պահանջներ ներկայացնել, ցավոք սրտի, հաղթած կողմի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստան վերադարձած գերիների տեղափոխումը եղել է միայն ռուսական կողմի ջանքներով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի ու ՄԻՊ աշխատակազմերը համատեղ կաշխատեն գերիների վերադարձի խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ
- ՄԻՊ. Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են
- Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը. Վանեցյան
- Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը․ ԱՀ ՄԻՊ
- Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում. Վանեցյան