Ոչ մի կարգավիճակում և ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. Արա Այվազյան
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ՌԻԱ նովոստի»-ին պատմել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշման, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին:
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության աստիճանը և իրավիճակը Արցախում, հարցազրույցի ամենասուր դրվագներում «ՌԻԱ նովոստի»-ին հրապարակել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը: Գործակալությունը հայտնում է, որ նախարարի հետ հարցազրույցը հայցել էր դեռ հունվարին՝ նախքան Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, բայց հարցերի պատասխաները ստացել է նախորդ ուրբաթ օր:
- Ապագայում ինչպե՞ս է Երևանը տեսնում Արցախի կարգավիճակը, և բանակցային որ ձևաչափի շրջանակներում պետք է որոշվի` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Երևանը դիտարկո՞ւմ է նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշված սահմաններում Արցախի, որպես անկախ պետություն ճանաչելու տարբերակը:
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առարկան ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հատատումն ու բոլոր ռազմական գործողությունների դադարեցումն է, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս հայտարարությունն, ըստ էության, նախանշում է ընդունման պահին առկա իրավիճակը` նկատի ունենալով, որ արցախյան հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ:
Գտնում ենք՝ միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել մի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կբերի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում: Եվ այդ կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի, Արցախի կարգավիճակի որոշումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող բռնի ուժով ճնշվել կամ սառեցվել: Հայաստանը հանդես է եկել և կշարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքները ճանաչելու դիքերից: Ոչ մի կարգավիճակում և ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախը որպես Ադրբեջանի մաս, կնշանակի առանց հայերի Արցախ:
Բոլորս հիշում ենք 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում կազմակերպված էթնիկ զտումները, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ: Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի ողբերգական իրադարձությունների 33-րդ տարելիցը: Սումգայիթյան իրադարձությունները և դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի ունեցան «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում կատարվել են ադրբեջանական բանակի կողմից գրավված Արցախի տարածքներում, մասնավորապես՝ Հադրութի շրջանում, վառ վկայությունն են այն բանի, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը իր պատմական հայրենիքում:
Կարգավորման ձևաչափի վերաբերյալ մենք բազմիցս նշել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում պետք է հասնել հակամարտության վերջնական քաղաքական լուծմանը: Այս առումով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն է՝ խաղաղ կարգավորման առանցքային խնդիրները դեռ լուծված չեն: Այս կարծիքը լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարծիքի հետ, որը նույնպես հստակ ամրագրված էր 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ:
Արցախի դեմ ագրեսիան, ուժի կիրառումը որպես հակամարտության լուծման մեթոդ մարտահրավեր է ողջ համաշխարհային հանրությանը, ինչպես նաև խարխլում է միջնորդական ջանքերն ու համանախագահների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հեղինակությունը: Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կղեկավարեն խաղաղության գործընթացը:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախը որպես անկախ պետություն ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին: Այսօր մեր օրակարգում հենց խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու խնդիրն է, որի արդյունքում հնարավոր կլինի մեր տարածաշրջանում ապահովել երկարաժամկետ անվտանգություն և կայունություն:
(Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգ դուրս գա», քանի որ «այդ հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատմանը»,- նախարարարի պատասխանին Ադրբեջանի դիրքորոշման մասին հավելել է «ՌԻԱ նովոստի»-ին):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան