Հիմա Արցախը Հայաստա՞ն է, Ռուսաստա՞ն, թե՞ Ադրբեջան. Կապանի համայնքապետը՝ Փաշինյանին
«ԳՇ պետը ժամանակին մեր հետ հանդիպմանն ասել էր, որ եթե պետք լինի կռիվ կտան Սյունիքի արևելյան հատվածի նախկին բնագծերի համար, հիմա նրան հեռացնում են պաշտոնից»,- Կապանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Նա տեղեկացրեց, որ երբ պայքարում էին մարզի սահմանի նախկին բնագծերը չհանձնելու համար, իրենց լսող չկար և ստիպված դիմել են ճանապարհ փակելուն:
«Նիկոլի հետ ճանապարհ փակելու երևույթը եկել է, իր հետ էլ պետք է վերանա»,- հայտարարեց նա և հավելեց, որ, այնուամենայնիվ, դեկտեմբերի 17-ին ստիպված փակել են Կապան-Երևան ճանապարհը, և զարմանքով արձանագրել, որ այն աշխատեց և հանդիպում կազմակերպվեց պաշտպանության նախարարի և ԳՇ գեներալների հետ:
Փարսյանը, ներկայացնելով պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները, նշեց, որ իր հարցին, թե ի՞նչ լինի, եթե անվտանգության գոտիները չզիջեն՝ պաշտպանության նախարարը հայտնել է. «Ես չեմ կարող որևէ մեկին ասել՝ զիջեք, կամ մի զիջեք, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տա դեմ լինել»:
Ըստ համայնքապետի՝ բացի նախարարից, մյուս գեներալները տեղյակ չէին, որ պետք է զիջեին նախկին բնագծերը:
«Գլխավոր շտաբի այն հրամկազմը, որը սրտացավ է մեր երկրի և անվտանգության համար, գլխավորում է այսօրվա հայոց բանակը, Նիկոլ Փաշինյանի փուչ ամբիցիաներից ելնելով, անհիմն փորձում են ծառայությունից ազատել, որն անթուլատրելի է»,- հայտարարեց համայնքապետը։
Նա նաև անթուլատրելի համարեց, երբ Նիկոլ Փաշինյանն իր մեղքի բաժինը գցում է բանակի վրա:
«Տղամարդու ինստիտուտը մեր իրականությունում ոչ մեկը չի չեղարկել և ցանկացած մարդ պատասխանատու է իր խոսքերի համար»,- հայտարարեց Կապանի համայնքապետը և հիշելով Ստեփանակերտում Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը՝ նշեց, որ թող հիմա նա պատասխանի, թե Արցախը Հայաստա՞ն է, Ռուսաստա՞ն, թե՞ Ադրբեջան:
Գևորգ Փարսյանը հայտարարեց, որր ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը խիստ անհրաժեշտություն է: