Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
Մի հայտնի անեկդոտ կա․ հայրը նայում է որդու օրագիրը, որտեղ բոլոր առարկաներից անբավարար է, միան երգեցողությունն է գերազանց։ Բարկացած բղավում է որդու վրա՝ « ու էսքանից հետո դու դեռ երգում ես, հա՞»։
Հիմա մերն է․ հայտնի մեկը, ով երկիրը կործանման եզրին է հասցրել, նպաստել է պատերազմի սանձազերծմանը, մահվան բերան է ուղարկել և հաշմանդամ է դարձրել հազարներին՝ անմեղսունակ հայտարարություններով շարունակում է Հայաստանը դարձնել գերտերությունների շահերի բախման թեժ կիզակետ։ Գոնե լռի միառժամանակ, ամեն օր հերթական քարը չգցի փոսը, չձևացնի, թե չի հասկանում ասածների հետևանքները, որոնք ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։
Վերջին շաբաթվա իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ, որ օրվա սկզբին չես կարող կանխագուշակել, թե ինչպիսին կլինի օրվա վերջը։ Կոնկրետ այսօր, փետրվարի 27-ին՝ վարչապետի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից երկու օր անց, ժամ առ ժամ սպասում ենք ՀՀ նախագահի խիստ որոշիչ քայլին՝ կստորագրի՞ թե ետ կվերադարձնի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետական կապրիզը։
Նաև վերջապես կբացահայտենք Արմեն Սարգսյանի հայրենասիրության գործնական չափը։
Չնայած, այս օրերի բացահայտումների պակաս չկա։ Ամենից կարևորը, թերևս Թուրքիայի կողմից Նիկոլին ցուցաբերած ակնհայտ աջակցությունն է։ Այսքանից հետո կգտնվի՞ որևէ մեկը, ով կշարունակի կասկածել ՀՀ գործող իշխանությունների թուրքա-սորոսական դրածո լինելու մեջ։ Անխտի՛ր բոլոր իշխանավորների։
Օրինակ, այս ճակատագրական օրերին, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում, պետք է որ ամենաեռուն աշխատանքով զբաղված լիներ ԱԺ-ն։ Բայց ոչ, ղեկավարող «Իմ քայլը» խմբակցությունը «իջավ ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։
Սա երևի ազդակ է, որ գնալով ավելի անհավանական են դառնում Փրկության շարժման այն ակնկալիքները, որ հնարավոր է այս խորհրդարանի միջոցով լեգիտիմացնել իշխանափոխությունը։ Ամենայն հավանականությամբ, իմքայլական պատգամավորները շատ ավելի արատավոր թելերով են կապկպված Նիկոլի հետ, քան միայն վարկաբեկող տեսաֆիլմերն են։ Օձակույտ են՝ մեկի պոչը մյուսի տակ։
Մոտենում է մարտի 1-ը, և օր օրի սրացող իրավիճակը շատերի մոտ մտավախություն է առաջացնում, որ մեծ է բախումներ հրահրելու հավանականությունը և մարդամեկն արյուն հեղելու մոլուցք ունի։ Բացառել լիովին հնարավոր չէ, քանի որ առանց թաքցնելու խաղի մեջ է մտել թուրքը՝ ժողովրդավարության դասեր տալով հայ ժողովրդին։ Եվ բնավ զարմանալի չի լինի, եթե մի օր պարզվի, որ հենց Նիկոլի իսկանդերյան 10 տոկոսանոց պայթյունը չէր այն ազդանշանը, որը թուրքին իր հեռուն գնացող ծրագրերն իրականցնելու քարտ-բլանշ է տալիս։
Փետրվարի 25-ի Գենշտաբի հայտարարությունը, գեներալիտետի և Օնիկ Գասպարյանի չընկրկելու հաստատակամությունը հույս են ներշնչում, որ ՀՀ Զինված Ուժերն այլևս չեն հանդուրժի ինքնակոչ դասալիքների ոչ ադեկվատ հրամանները, և հանուն զոհված լույս տղերքի հիշատակի՝ թույլ չեն, որ ներսի թշնամին դրսի թշնամու օժանդակությամբ ոտնակոխ անի մեր երկիրը։ Իրենք ժողովրդի կողքին են, ժողովուրդն՝ իրենց։
Մեկ անգամ չէ կյանքը ցույց տվել, որ «Ազգ-Բանակ» կոնցեպտը հայի արյան մեջ է, հայի ապրելու միակ ձևն է, և հուսանք, որ այս ճակատագրական պահին էլ այդ հզոր կապը կփրկի մեր երկիրը։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
- Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
- Լիա Իվանյան. Երբ թուրքի շահն է գերիշխում
- Լիա Իվանյան. Հարգենք 1,5 միլիոնի հիշատակը
- Լիա Իվանյան. Քաոսի շեմին