Արմեն Սարգսյան. Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ։ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:
Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն եւ բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին:
«Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:
Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը:
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:
Խոնարհվում եմ ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Ողբերգական իրողությունները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում
- ՄԻՊ. 1988-ից սկիզբ առած Ադրբեջանի վայրագություններն ու հայատյացությունը առավել դաժան դրսևորումներ են ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին