Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա խայտառակություն է»,- Բաղրամյան պողոտայում միանալով քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին՝ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
Իրավապաշտպանը լրագրողին հայտնեց, որ Արա Սաղաթելյանի հետ առնչվել է պատերազմի օրերին Ստեփանակերտում:
Մելիքյանի կարծիքով ստորագրահավաքը կարևոր է և հանրությանն անընդհատ պետք է հիշեցնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Արա Սաղաթելյանն է:
«Չնոռանանք, որ այն անձնավորությունը, որը վերջերս նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պատերազմի օրերին, օդից վերցնելով՝ տվեց Արա Սաղաթելյանի անունը, թե ինչ-որ մեկն ասել է, որ Սաղաթելյանը կապ ունի այդ ֆեյքի հետ և այդ անձի՝ վարչապետի աշխատակազմի ղեկակվարի տեղակալ դառնալու հաջորդ իսկ օրը տեղի ունեցով այս ձերբակալությունը»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի ներկայացրած վարկածի՝ ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունը զբաղեցրած մարդկանց ադրբեջանաթուրքական պարտնյորներին, քանի որ Արա Սաղաթելյանը հայկական պետականության փոքր ուժերով մեծ գլխացավանք է ստեղծել բազմամիլիարդանոց ադրբեջանական և որոշ դեպքերում նաև թուրքական լոբբիի համար:
Նա օրինակ բերեց Խոջալուի փուչիկի պայթեցման ուղղությամբ Սաղաթելյանի կատարած աշխատանքը և նկատեց, որ այսօր արդեն թուրքական PR շրջանակները շրջանառում են թուրքահպատակ Կարո Փալյանի խոսքը, թե ինքը ճանաչում է Խոջալուի դեպքերը:
«Հիմա մենք չունենք թշնամու քարոզչությանը հակազդելու որևէ գործիքակազմ, իսկ այն մարդիկ որ դա անում էին ոչ պետական միջոցներով, այսօր ճաղերի հետևում են»,- հայտարարեց Մելիքյանը:
Նա կարևորեց ստորգրահավաքը և նկատեց, որ եթե վերաքննիչ դատարանն ազատ արձակի Արա Սաղաթելյանին, ապա այն կլինի շատ տրամաբանական, մյուս կողմից էլ նման որոշում կարող է կայացնել նաև հսկող դատախազը
Մելիքյանը հայտնեց, որ գործի քննիչից տեղեկացել է, որ հսկող դատախազն չէր եկել դատարան և ենթադրեց, որ նրա համար էլ է խայտառակություն մասնակցել նման անհիմն կալանքի միջնորդության պաշտպանելու գործընթացին:
«Ամեն օր հսկող դատախազը կարող է վերացնել, ոչ միայն հակաիրավական այլև հակատրամաբանական այս երևույթը, երբ 50 տարեկան մարդուն բռնում են ֆեյքի համար, ուղղակի զավեշտ է»,- նկատեց իրավապաշտպանը: