Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը․ ԵՄ հայտարարությունը
Այսօրվանից՝ մարտի 1-ից, ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս առիթով համատեղ հայտարարությամբ են հանդես Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը և Եվրախորհրդարանի Հայաստանի զեկուցող Անդրեյ Կովարևը։
«Մենք խորապես ողջունում ենք այս կարևոր քայլը մեր հարաբերություններում, որն ամուր հիմք է ստեղծում մեր համագործակցության հետագա խորացման համար:
Թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի քաղաքացիներն ու գործարարներն արդեն օգտվել են դրանից
պայմանագրի մասերի ժամանակավոր կիրառումից: Դրա ամբողջական կիրառումը և արդյունավետ իրականացումն ավելի շատ օգուտներ կբերի, մասնավորապես Հայաստանի
արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով: Հատկապես Հայաստանի համար ներկայիս դժվարին շրջանում մենք ընդգծում ենք մեր գործընկերության արժեքը, և մենք ակնկալում ենք միասին աշխատել` մեր կապերի նոր մակարդակում այդ ներուժն իրագործելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) կնքվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։
Պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: