Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում է
Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է պաշտոնական հանդիպումները: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այցի շրջանակներում Շառլ Միշելի առաջին հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ էր: Հանդիպումից հետո Շառլ Միշոլը հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է մնալ Վրաստանի կողքին, պաշտպանել նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։
«Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանում եմ ձեզ հետ, կրկին հանդիպել ենք մի քանի շաբաթ անց՝ Բրյուսելից հետո: Այսօրվա իմ հանդիպումը, ինչպես նաև երեկվա հանդիպումը Մոլդովայում և վաղվա այցը Ուկրաինա, տարածաշրջանի երկրների նկատմամբ Եվրամիության գործընկերության ուղերձ է: Եվրամիությունը ցանկանում է մնալ Վրաստանի կողքին, պաշտպանել ձեր ինքնիշխանությունը, ձեր տարածքային ամբողջականությունը: Մենք գիտենք, որ տարածաշրջանը շատ բարդ է: Մենք նաև աջակցում ենք բարեփոխումների և Covid-19-ի, որը սպառնում է ողջ աշխարհին, դեմ պայքարին: Ես ուզում եմ օգտվել առիթից և մեկ անգամ ևս Եվրամիությունից ձեզ բարեկամական ուղերձ հղել», – հայտարարել է Շառլ Միշելը:
Շառլ Միշելը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպման ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ սա Եվրամիության ամուր գործընկերության և աջակցության հերթական հաստատումն է:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությանը և առաջիկա գագաթնաժողովի ընթացքում քննարկվելիք հարցերին: Ընդգծվել է Վրաստանի ՝ որպես Եվրամիության ասոցացված երկրի հաջողությունը:
«Հանդիպմանը նշվել է, որ աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնի ներքո կարևոր է, որ կողմերը ջանք գործադրեն Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները կառուցողական, երկխոսության ռեժիմին անցկացնելու համար:
Ուշադրություն է հրավիրվել Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդասիրական և մարդու իրավունքների ծանր իրավիճակին և Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալման փաստերին: Վարչապետը կարևորել է Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման և տեղում անվտանգության ապահովման գործընթացում:
Հանդիպմանը քննարկվել է նաև իրավիճակը Վրաստանում և Եվրամիությունում `COVID-19 համավարակի առումով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը համավարակի դեմ պայքարում Վրաստանին ցուցաբերած զգալի աջակցության համար: Հատկապես ընդգծվել է պատվաստանյութերի հավասար հասանելիության և պատվաստանյութերի արդար բաշխման ապահովման կարևորությունը: Վարչապետը շեշտեց միջազգային գործընկերների աջակցելու կարևոր դերը, որպեսզի երկիրը մոտ ապագայում կարողանա սկսել պատվաստումների գործընթացը, քանի որ համավարակի հաղթահարումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով», – ասել են վարչապետի մամուլի ծառայությունից:
Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան