Կենտրոնի թաղապետարանի պատերից ներս հնչում են «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում։ Նրանք քայլերթով հասել են Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան և փորձում են մուտք գործել այնտեղ։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ, բանակ, հաղթանակ» վանկարկումներով նրանք ուզում էին մտնել թաղապետարանի շենք, թեև ոստիկանները փորձեցին խոչընդոտել նրանց մուտքը։
«Այս շենքում փորձում են մարդկանց ապօրինաբար ստիպել՝ գնալ միտինգի։ Մենք էլ մեր միտինգն ենք իրականացնում»,- ասաց ակցիայի մասնակից, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա հայտարարությանը հաջորդեցին «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։
Հայկ Մամիջանյանն էլ կոչ արեց ոստիկաններին, որպեսզի վերջիններս բացեն դռները։
«Բացեք, բացեք..., բացեք»,- միացան քաղաքացիները։
Այս կոչերից հետո քաղաքացիներին հաջողվեց մուտք գործել շենք։ Մուտքի պահին նրանք նախ նշեցին. «Ապրի ոստիկանը», ապա սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանը մերն է»։
Րոպեներ անց Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի պատերից ներս հնչում էր «Նիկոլ, դավաճան» արտահայտությունը։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն էլ թաղապետարանի աշխատակիցների կոչ արեց չտրվել սադրանքներին ու չմասնակցել այսօր 18.30-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։
«Մենք շատ շուտով ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան, չկասկածեք։ Մենք պահանջում ենք, որ լծակներ չկիրառեք ու դավաճանի հանրահավաքի համար մարդկանց չհավաքեք։ Եվս մեկ անգամ զգուշացնում ենք՝ չփորձեք Հայաստանի քաղաքացիներին ստիպելով տանել որևէ հանրահավաքի։ ՀՀ քաղաքացիները պաշտպանելու են իրենց հայրենակիցներին, չփորձեք նրանց որևէ բան ստիպել։ Սա մեր երկիրն է, մեր թաղապետարանն է, այստեղ իշխանությունը մենք ենք»,- ասաց Սոս Հակոբյանը։
Նրա հայտարարությանը հետևեցին «Այո՛» վանկարկումները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին