ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը: Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը և ՄԱԿ-ի համապատասխան մարմինները շարունակում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` կապված հատուկ պարամետրերի և սպասվող առաքելության տեղակայման ժամկետների հետ: Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 19-ին:
Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները:
«Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուջարիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան