Անվտանգության խորհուրդը խմբագրել է նախագահին ուղղված դիմումի բովանդակությունը
Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո խորհրդի տարածած պաշտոնական հայտարարությունը հրապարակումից որոշ ժամանակ անց խմբագրվել է։
Նոր տեքստում, որի խմբագրումը հիմնավորվում է՝ որպես տեխնիկական խոտանների վերացման փորձ, բովանդակային մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել։
Այսպես՝ եթե առաջին տարբերակում նշվում է, որ «ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում», ապա նոր, խմբագրված հատվածում ասվում է. «Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն»:
Այսինքն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած առաջին հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀՀ նախագահը պարտավոր է ցուցաբերել համապատասխան մոտեցում, իսկ խմբագրված տարբերակում ասվում է, որ ՀՀ նախագահը ոչ թե պարտավոր է, այլ ունի Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն։
Երկրորդ փոփոխությունն այն է, որ ԱԽ տարածած հաղորդագրության առաջին տարբերակում ասված է. «Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»։
Եվ քանի որ, ԱԽ-ն իրավունք չունի կոչ անելու ՀՀ նախագահին, այս դեպքում էլ «կոչ անել» եզրույթը փոխարինվել է «առաջարկել» բառով, արդյունքում, նոր տարբերակում նշվում է. «Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան